ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԽՈՇՈՐԱՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԱՄԵՆ ԻՆՉ ՆՈՒՅՆՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համայնքների ռեսուրսները կենտրոնացնելու եւ արդյունավետ ծախսելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը մշակեց եւ այս տարվա փետրվարի 14-ին իրագործեց համայնքների խոշորացման պիլոտային ծրագիր: Ավելի քան երկու ամիս է անցել, բայց խոշորացված համայնքների կյանքում ոչ մի բարեփոխում չի իրականացվել:

Երբ 2011 թվականին կառավարությունը համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձեւավորման հայեցակարգին հավանություն տվեց, իշխանությունները սկսեցին քարոզել, որ պետությունը դա անում է համայնքներին տրվող պետական միջոցները ավելի արդյունավետ օգտագործելու համար:
Նշենք, որ 2015 թվականին իրականացվեց երեք պիլոտային ծրագիր՝ Լոռու մարզի Թումանյան, Սյունիքի մարզի Տաթեւ, Տավուշի մարզի Դիլիջան համայնքային փնջերում: Այս տարվա փետրվարի 14-ին տեղի ունեցան համայնքի ղեկավարի ընտրություններ եւ վերընտրվեցին գործող ղեկավարները:
Կառավարությունը խոստանում էր, որ մի շարք բարեփոխումներ են իրականացվելու՝ վերանորոգվելու են ճանապարհներն ու տրանսպորտային միջոցներ են տրամադրվելու գյուղերին: Համայնքների խոշորացումից անցել է ավելի քան երկու ամիս, սակայն նշված խոստումներից եւ ոչ մեկն իրականություն չի դարձել: Ավելին՝ «Ժողովուրդ»-ը համայնքի ղեկավարներից տեղեկացավ, որ նույնիսկ համայնքների խոշորացման գործընթացը դեռ ամբողջովին չի ավարտվել:
«Առայժմ ամեն ինչ նույնն է: Եսիմ… դեռ ոչ մի բան չկա: Ահագին գործ են անում այդ մարդիկ, աշխատում են. գրում են ու ջնջում (ծիծաղում է-Ս.Հ.): Փետրվարի 14-ին համայնքի ղեկավար ընտրեցինք, ստանձնեց պարտականությունը, չգիտեմ՝ ինչ էր անում, դրանից հետո կնիք էր բերում, տանում… դեռ եփվում է»,- «Ժողովուրդ»-ին ներկայացրեց Սյունիքի մարզի Քաշունիի նախկին գյուղապետ Գառնիկ Հակոբյանը: Վերջինս տեղեկացրեց, որ Քաշունին վարչական ներկայացուցիչ չի ունենալու, քանի որ ունի ընդամենը 4 բնակիչ: Իսկ վարչական ներկայացուցիչ կարող է ունենալ այն գյուղը, որն ունի 100 եւ ավելի բնակիչ:
Հանուն արդարության նշենք, որ նույն մարզի Տանձատափ գյուղում թեեւ փոքր, բայց դրական փոփոխություն կա. վարչական ներկայացուցիչ Ռոբերտ Մուշեղյանը հայտնեց, որ միակ դրական փոփոխությունը Տանձատափի կյանքում համակարգչի ձեռքբերումն է: «Տարածքների զարգացման հիմնադրամի ղեկավարությունը հաճախակի հանդիպումներ է ունենում համայնքների վարչական ներկայացուցիչների հետ: Յուրաքանչյուրս ներկայացնում ու բարձրաձայնում ենք մեր գյուղի խնդիրների մասին: Օրինակ՝ ես, բարձրաձայնել եմ, որ մեր գյուղ տանող ճանապարհների վիճակն անմխիթար է»,- նկատեց Տանձատափի վարչական ներկայացուցիչը:
Այս խնդրի լուծման նպատակով Մուշեղյանը պահանջել է իրենց տրամադրել տեխնիկա, որպեսզի դրանով հնարավոր լինի ճանապարհների խճապատումն իրականացնել: Նաեւ ոռոգման համակարգի համար խողովակաշար են պահանջել: ՏԿՆ-ն խոստացել է դրանք տրամադրել, սակայն չի հայտնել, թե երբ: Հետաքրքիր է՝ կառավարության անդամները պետք է համայնքների խոշորացումից հետո՞ պարզեին, որ հանրապետության գյուղերում բոլոր ճանապարհները անմխիթար վիճակում են գտնվում: Ստացվում է՝ այո:
Այն, որ համայնքների խոշորացումից հետո այդ գյուղերի կյանքում ոչինչ չի փոխվել, փաստ է: Ավելին, եղել են բացասական զարգացումներ, մասնավորապես գյուղապետարանների աշխատակազմերում կրճատումներ են տեղի ունեցել: Եվ այս առումով Տանձատափը բացառություն չէ: Այստեղ կրճատման տակ են ընկել հաշվապահը, գյուղապետի տեղակալը, քատուղարը: Այժմ Տանձատափն ունի վարչական ներկայացուցիչ եւ օպերատոր:
Նկատենք, որ առկա են նաեւ բյուրոկրատական խնդիրներ. ՀՀ Լոռու մարզի Քարինջի վարչական ներկայացուցիչ Նորիկ Մկրտումյանի խոսքերով՝ դեռ բյուջե չկա հաստատված: Այս գյուղի վարչական ներկայացուցիչը նույնպես բարձրաձայնել է ճանապարհների բարեկարգման հարցը, սակայն առայժմ դրական տեղաշարժ չկա: Տավուշի մարզի Հովք գյուղի վարչական ներկայացուցիչ Գրիգոր Գեւորգյանն էլ «Ժողովուրդ»-ի հարցին՝ ի՞նչ փոփոխություններ են եղել գյուղում համայնքների խոշորացումից հետո, պատասխանեց. «Վռազ ուզում եք փոխվի՞ (ծիծաղում է-Ս.Հ.): Դեռ խառը կարգավորման գործընթացում ենք, ընդունում-հանձնում ենք անում: Փաստաթղթային կարգավորման փուլում ենք: Ցավալին այն է, որ աշխատողներն են կրճատվել: Եզրեր ենք ման գալիս, որ ինչ-որ գործ գտնենք նրանց համար»:
Սյունիքի մարզի Տաթեւ համայնքային փնջի ղեկավար Մուրադ Սիմոնյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ նոր աշխատակազմ է ստեղծված: Ծրագրեր են գրել, որոնք էլ քննարկման փուլում են: «Առանձին բան չկա: Ընթացքում է, որ ասեմ՝ ամեն ինչ վերջացրած է, սուտ կլինի: Նոր ձեւավորված համայնք է: Ժամանակ է պետք»,- արդարացավ Մ. Սիմոնյանը: Նույն կերպ արդարացավ նաեւ Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը: «Նույնիսկ այս պահի դրությամբ գործընթացը չի ավարտվել: Այսինքն՝ կարելի է ասել, որ նոր-նոր զրոյից սկսում ենք: Հուսանք, որ մեկ ամսից գործընթացը ավարտած կլինենք»,- փոխանցեց Դիլիջանի համայնքային փնջի ղեկավարը:
Արդյոք գործընթացը կարճ ժամանակում կավարտվի, եւ ամեն ինչ իր տեղը կընկնի, դժվար է լավատեսական կանխատեսում անել: Ինչպես ասում են՝ այս խմորը դեռ շատ ջուր կվերցնի:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՄԵԾ ՇՈՒՔՈՎ ՉԵՆ ՆՇԻ
Հայաստանում ապրող եզդիները նշում են իրենց Նոր տարին՝ Մալաքե Թաուսը: Տոնի կապակցությամբ մեծ միջոցառում է կազմակերպվել Ակնալիճ գյուղում, որին, բացի Հայաստանի եզդիական համայնքից, մասնակցել են նաեւ Գերմանիայից, Ռուսաստանից, Իրաքից, Սիրիայից եւ այլ երկրներից ժամանած հյուրեր: Ավանդույթի համաձայն՝ եզդիները այդ օրը գիշերը հավաքվում են եւ մեծ շուքով նշում տոնը, կերուխում են կազմակերպում մինչեւ առավոտ՝ դիմավորելով մեծ հրեշտակապետին:
Հայաստանում այս միջոցառումը երկրորդ անգամ է նշվում: Միջոցառման կազմակերպիչների խոսքով՝ նախատեսվում էր շատ ավելի մեծ եւ շքեղ միջոցառում կազմակերպել, սակայն հաշվի առնելով ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դեպքերը եւ հարգելով զոհված հայ եւ եզդի զինծառայողների հիշատակը՝ որոշվել է այն անցկացնել առանց երգ-երաժշտության: Այսինքն՝ կանցկացվեն միայն այն կրոնական ծեսերը, որոնք պարտադիր են:

 

 

ՆԵՐԿՐՈՒՄՆ ԱՐԳԵԼՎԵԼ Է
«Ռոսսելխոզնադզոր»-ը սահմանափակումներ է մտցրել Ռուսաստան ներկրվող թուրքական սմբուկի վրա: «Կապված Թուրքիայից ներկրվող սմբուկի ապրանքային խմբաքանակի հետ, որոնք վարակված են Ռուսաստանի համար կարանտինային օրգանիզմներով, «Ռոսսելխոզնադզոր»-ը որոշում է կայացրել ժամանակավոր արգելք սահմանել դրանց ներմուծման վրա՝ սկսած ապրիլի 25-ից»,- ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ գերատեսչությունը հայտնել էր, որ տարեսկզբից հայտնաբերվել է թուրքական սմբուկի վարակման 4 դեպք: Մարտի վերջին գերատեսչության ղեկավար Սերգեյ Դանկվերտը չէր բացառել, որ Մոսկվան կարող է ամբողջությամբ արգելել Թուրքիայից բուսական ապրանքատեսակների ներկրումը: Իր դիրքորոշումը գերատեսչությունը բացատրել էր «թուրքական բիզնեսի ոչ կառուցողական դիրքորոշմամբ»: Սանիտարական կանոնների խախտման պատճառով, մասնավորապես, ժամանակավորապես արգելվել էին Թուրքիայից նռան եւ պղպեղի մատակարարումները:
Հիշեցնենք, որ 2016թ. հունվարի 1-ից Ռուսաստանն արգելել է Թուրքիայից մի շարք մրգերի եւ բանջարեղենների ներկրումը:




Լրահոս