
“Երևանյան Ամառ 2013” ծրագրի շրջանակում Երևանի Քաղաքապետարանի նախաձեռնությամբ օգոստոսի 24-ին, ժամը 14։00-ից Կարապի լճի շրջակայքում առաջին անգամ Երևանում իրականացվելու է “Ձմերուկային հրավառություն” ժամանցային միջոցառումը: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունից։
Միջոցառման ընթացքում նախատեսվում են խաղային տարատեսակ մրցույթներ, ճանաչված և սիրված մարդկանց կողմից ձմերուկի հյուրասիրություն, մասնագիտացված կազմակերպությունների կողմից ձմերուկի ձևավորման եղանակների ներկայացում, երաժշտական հետաքրքիր կատարումներ՝ զուգակցված անակնկալներով ու մրցանակներով:
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլորին՝ մասնակցելու այս գեղեցիկ միջոցառմանը և միաժամանակ տեղեկացնում, որ միջոցառմանը ամենամեծ ձմերուկով ներկայացած մասնակիցը կարժանանա հետաքրքիր, անակնկալ նվերի։
Սպասում ենք բոլորին շաբաթ օրը ժամը 14։00-ից Կարապի լճի հարակից տարածքում մասնակցելու “Ձմերուկային Հրավառությանը”։