Ադրբեջանական լրատվամիջոցները ողողվել են հայկական ԶՈւ կողմից սահմանամերձ շրջանների հրետակոծության մասին լուրերով:
Մասնավորապես, Femida.az-ը գրում է, որ կիրառվել են «Գրադ» կայանք և Դ-30 122 մմ տրամաչափով հաուբիցներ: Ակնայի շրջանում, ինչպես գրում է մեկ այլ լրատվամիջոց, հրետակոծության են ենթարկվել ֆերմաներն ու գերեզմանները:
Ադրբեջանական լրատվամիջոցները՝ մեկը մյուսին հերթ չտալով, փաստում են, որ ապրիլի 27-ի լույս 28-ի գիշերը հայկական կողմը ինտենսիվ կրակ է բացել Ակնայի (Աղդամ) շրջանի ուղղությամբ:
Փաստելով կոնֆլիկտի գոտում լարվածության մասին՝ ադրբեջանական Vzglyad-ը գրում է ՀՀ զինված ուժերի կողմից շփման գծի մոտ տեղակայված բնակավյարերի ուղղությամբ բացած կրակի մասին:
Լրատվամիջոցներից մեկը գրում է, որ «ապրիլի 27-ի երեկոյան մինչև ապրիլի 28-ի գիշերը ժամը 04.00-ն հայկական զինված ստորաբաժանումները հրետակոծել են 60, 82 և 120 մմ տրամաչափով ականանետներից, ինչպես նաև Դ-30 122 մմ տրամաչափով հաուբիցներից Թարթառի և Ակնայի շրջանների ուղղությամբ»:
Ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ գրում են, որ տվյալ շրջանների վրա ընկած արկերի թիվը հասնում է հարյուրի: Հաղորդվում է 8 վիրավորի, 1 զոհի մասին, ինչպես նաև վերոնշված շրջաններում փլուզումների մասին: