
Ադրբեջանի իշխանությունները «ստիպված են որոշիչ միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում շփման գծում բնակչության պաշտպանության համար»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հասարակա-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք ստիպված ենք որոշիչ միջոցների դիմել շփման գծում հայկական սադրանքներին վերջ տալու համար»,-Հասանովի խոսքն է մեջբերում ԱՊԱ-ն:
Նա պնդում է, որ «հայկական կողմը շարունակում է շփման գծում կրակոցները»: «Հայկական կողմի գործողությունների արդյունքում խաղաղ բնակիչներ են զոհվում: Ցավալի փաստ է այդ հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համարժեք արձագանքի բացակայությունը: Ադրբեջանի նկատմամբ երկակի ստանդարտներ են կիրառվում»,-հավելել է Հասանովը: