Ով էր կնոջ պայուսակը ձեռքին «տաքսի» նստող տղամարդը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու պայուսակը հափշտակած անձի ինքնությունը:
2016 թվականի մարտի 4-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևանի Պարոնյան փողոցում հափշտակել է քաղաքացու պայուսակը, որի մեջ եղել են բջջային հեռախոս, բանկային քարտեր, սոցիալական քարտ, անձնագիր և այլ իրեր՝ պատճառելով զգալի չափի վնաս:
Դեպքի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրի հարակից տարածքում տեղակայված անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, օրենքով սահմանված կարգով ենթարկվել զննության։ Կադրերում երևում է մի տղամարդ՝ կնոջ պայուսակը ձեռքին, ով նստում է «տաքսի» ավտոմեքենան եւ հեռանում։

Դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ, լրիվ հետազոտումն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ նշված անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։
Ովքեր ճանաչում են տեսանյութում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:




Լրահոս