ՀԱՐՑ. Դիմել եմ ՔԿԱԳ մարմին, որպեսզի անունս Ռուզանից Ռուզաննայի փոխելու դիմում ներկայացնեմ: Ասացին, որ անուն փոխելու պատճառը պետք է լուրջ լինի, եւ նշված օրենքի կետերից ոչ մեկն իմ պահանջին հիմնավորում չէր տալիս: Նշեցին, որ նախ՝ իրենք չեն կարող ձեւակերպել դիմումը, եւ դրանից հետո էլ՝ ԱՆ-ի կողմից կմերժվի այն: Խնդրում եմ ասել՝ օրենքն իսկապե՞ս թույլ չի տալիս քաղաքացուն փոխել իր անունը, եթե պատճառն այն չհավանելն է:
ՊԱՏԱՍԽԱՆ. «ՔԿԱԳ մասին» ՀՀ օրենքի 58-րդ հոդվ. 1-ին մասի համաձայն՝ 16 տարին լրացած անձն իրավունք ունի սահմանված կարգով փոխելու իր անունը, որը ներառում է անունը, հայրանունը եւ ազգանունը: Սահմանված կարգը, որի մասին խոսվում է նշված դրույթում, նույն օրենքի 58-րդ հոդվ. 5-րդ մասի համաձայն, սահմանում է ՀՀ կառավարությունը: Այդ կարգը սահմանվել է 2005թ. հունիսի 23-ի «Անվան փոխման կարգն ու պայմանները հաստատելու մասին» N 941-Ն որոշմամբ, որի 9-րդ կետի համաձայն՝ 16 տարեկանից բարձր անձանց անվան, հայրանվան եւ ազգանվան փոխման գրանցում կատարել թույլատրվում է հետեւյալ հարգելի պատճառների առկայության դեպքում՝ ա) անվան, հայրանվան, ազգանվան անբարեհնչունության, բ) անվան, հայրանվան, ազգանվան արտասանության դժվարության, գ) ամուսնու ցանկության՝ մյուս ամուսնու հետ միասին մեկ ընդհանուր ազգանուն կրելու, դ) մինչամուսնական ազգանունը կրելու ցանկության, ե) երեխաների հետ միասին ընդհանուր ազգանուն կրելու ցանկության, եթե ամուսինը մահացել է, իսկ դիմողը եղել է մինչամուսնական ազգանունով, զ) դիմողի՝ փաստորեն դաստիարակող անձի անունով հայրանուն եւ ազգանուն կրելու ցանկության, է) դիմողի ազգությանը համապատասխան ազգանուն եւ անուն կրելու ցանկության, ը) դիմողի տոհմական ազգանունը կրելու ցանկության, թ) եթե անձը փաստացի կրում է իր ծննդյան գրանցման մեջ նշված անունից տարբերվող անուն:
ՔԿԱԳ-ն ճիշտ է պատասխանել: Բայց եթե Դուք կարողանաք այնպիսի պատճառաբանություն բերել, որով համապատասխան մարմինը բացառության կարգով կբավարարի Ձեր խնդրանքը, ապա Դուք կարող եք փոխել Ձեր անունը:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն, եթե քաղաքացին ցանկանում է իր անվան մի քանի տառ վերաձեւակերպել, ապա դրա համար հատուկ թույլտվություն է անհրաժեշտ, ընդ որում ցանկությունն էլ պետք է լինի լուրջ պատճառաբանված: Այլապես կարելի է անտեսել եւ մերժել նրան: