Ինչ էր իրականում տեղի ունեցել Կազանում. մանրամասներ 2011 թվականի հանդիպումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին ողբերգությունը կարծես ստվերեց Սերժ Սարգսյանի՝ ամերկյան Bloomberg-ին տված հարցազրույցը: Չարամիտ դիտավորություն չփնտրելով՝ հարկ է մանրամասնորեն անդրադառնալ Սերժ Սարգսյանի այդ հարցազրույցի մի առանցքային դրվագին, որը վերաբերում էր 2011թ. կազանյան բանակցություններին: Սարգսյանն առաջին անգամ հրապարակայնորեն հայտարարեց, որ ինքը պատրաստ էր ազատագրված 5 շրջան վերադարձնել Ադրբեջանին: Ստորեւ փորձենք պարզել, թե ինչ էր իրականում կատարվել Կազանում, եւ արդիական են արդյոք կազանյան առաջարկները:

Դեռեւս 2011թ. հունիսին Կազանում կայացած հանդիպումից առաջ տարբեր տեղեկատվական արտահոսքեր էին լինում, ըստ որոնց՝ կողմերը մոտ են համաձայնությանը առավել, քան երբեւէ: Միջնորդի առաջատար դերը ստանձնած ՌԴ այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդեւը նախագահների եռակողմ մի քանի հանդիպումներից հետո ծրագրել էր Կազանում լրջագույն հաջողության հասնել: ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի ակնհայտ անտարբերության պայմաններում Ռուսաստանը կարծես իր համար «ջեք-փոթ» էր հայտնաբերել՝ համոզված, որ իր հովանու ներքո ընթացող բանակցություններում աննախադեպ առաջընթաց էր արձանագրվելու: Եվ հաշվի առնելով հենց ռուսական միջնորդության գերակայությունը՝ զարմանալի չէ, որ Ադրբեջանը գործընթացի նկատմամբ վերապահումներ ուներ՝ ի հեճուկս հայկական կողմի պատրաստակամության:

Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովի պնդմամբ էլ Ադրբեջանը մերժել է կազանյան առաջարկները փուլային հաջորդականության եւ խաղաղապահ առաքելության պատճառներով: Ադրբեջանը վերապահումներ է ունեցել հատկապես ՌԴ ԱԳ նախարար Լավրովի այն ուղղման շուրջ, որով, եթե ԼՂ-ի շուրջ գտնվող 5 շրջանները անմիջապես վերադարձվելու էին Ադրբեջանին, ապա Քելբաջարն ու Լաչինը պիտի վերադարձվեին միայն հանրաքվեի անցկացումից հետո։ Ըստ Ազիմովի՝ իրերի նման ընթացքը հուշում էր, որ այդ շրջանները երբեք էլ չէին վերադարձվելու իրենց: Ավելին՝ Ադրբեջանի համար անընդունելի է եղել Լավրովի մեկ այլ առաջարկություն, որով խաղաղապահ առաքելություն էր հատկացվելու ոչ թե ԵԱՀԿ երկրների զինված ուժերին, այլ ՄԱԿ-ին:

Ազիմովի կարծիքով՝ որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի թիվ 1973 բանաձեւին (2011թ.-ին Լիբիա ներխուժելու մասին) ցուցաբերած աջակցության փոխհատուցում՝ Միացյալ Նահանգները կհամաձայնի, որ շփման գծում խաղաղապահ ուժերի գերակշիռ մասը կազմեին ռուսները։ Ադրբեջանցի պաշտոնյայի գնահատմամբ` ռուսական զորքերի տեղակայումը ավարտին կհասցներ Հարավային Կովկասում ռուսական ռազմական տիրապետության վերջնական հաստատումը: Եթե ռուսական խաղաղապահները տեղակայվեին շփման գծում, իսկ Ադրբեջանն էլ հանկարծ բավարարված չլիներ գործընթացով, հարցի լուծման ռազմական ճանապարհը այլեւս կկորցներ իր իմաստը, քանզի Ադրբեջանը ռազմական էսկալացիայի մեջ հարկադրված պիտի ներքաշվեր ընդդեմ Ռուսաստանի:

Հայտնի փորձագետ Թոմաս դը Վաալը Կազանում Ալիեւի մերժումը բացատրում է այն մտայնությամբ, որ տիրում է Ադրբեջանի քաղաքական վերնախավում: Ըստ այդմ, Ալիեւը փորձում էր գործընթացին մասնակից դարձնել ամերիկացիներին ու ֆրանսիացիներին, որպեսզի խաղաղապահներ գային նաեւ Եվրոպայից: Վաալն առավել հավանական է համարում, որ Ալիեւը վիժեցրել է Կազանի համաձայնությունը՝ ելնելով այն համոզմունքից, որ բանակցային գործընթացին զուգընթաց մեծանում է Ադրբեջանի տնտեսական հզորությունը, որը կավելացներ ձեռքբերումների աստիճանը: Ինչ էլ որ լիներ պատճառը, կարծում ենք՝ Ալիեւը մեծ սխալ է թույլ տվել՝ չհամաձայնելով Կազանի փաստաթղթին: Ազիմովի վերոհիշյալ պնդումներից պարզորոշ է դառնում, որ փուլային լուծում ապահովող համաձայնագրի ցանկացած էտապում Ադրբեջանը կարող է «պատահաբար» եզրակացնել, որ գործընթացն իրեն չի բավարարում: Նման իրավիճակում, երբ առանց Արցախի կարգավիճակի մասին նվազագույն իսկ հստակության Սերժ Սարգսյանը պատրաստ էր 5 շրջան զիջելու, Ադրբեջանի հրաժարվելը պարզ հիմարություն է թվում:

Սակայն ապրիլյան ձախողված ռազմական գործողությունները, կարծես, հասկացրին Ալիեւին, որ Կազանի փաստաթուղթն իր համար այնքան էլ վատը չէր: Այստեղ էլ դրսեւորվում է Լավրովի՝ օրերս կայացած միջնորդության յուրահատկությունը: Լավրովը ռազմական գործողությունների անմիջապես ավարտին Բաքվում հայտարարեց, որ սեղանին փաստաթուղթ կա, իսկ, ահա, նրա հայաստանյան այցից առաջ ռուսական մամուլը շառաչում էր նոր առաջարկների մասին լուրերով: Շեշտելի է, որ ՌԴ ԱԳ նախարարը երեւանյան ասուլիսում դիվանագիտորեն նշեց, որ Հայաստանն ԸՆԴՈՒՆԵԼ է կազանյան փաստաթուղը։

Ենթադրում ենք, որ Լավրովը եկել էր Երեւան հենց նույն առաջարկներով, որին, դատելով ամեն ինչից, արդեն համաձայնել է Ալիեւը: Լավրովի այցի շուրջ ադրբեջանական էյֆորիան թույլ է տալիս կարծելու, որ Ալիեւը հանգել է փուլային նվաճումների տարբերակին: Ի վերջո, Ադրբեջանն առանց Արցախի կարգավիճակի հստակեցման, միանվագ ստանում է 5 շրջան: Դրանից հետո Ալիեւին ոչ մի միջազգային երաշխիք չի կարող կաշկանդել, որ նա հանկարծակիորեն հրաժարվի համաձայնագրերից ու ռազմական գործողությունների անցնի արդեն Հայաստանի դեմ: Ի վերջո, 1994-95թթ. զինադադարի պայմանագրերը Ադրբեջանը անարգել խախտում է նաեւ այսօր` աշխարհից որեւէ հակազեդցություն չստանալով: Դեռ մի բան էլ ՄԱԿ-ը Քաղաքակրթությունների դաշինքի ֆորումը անցկացնում է գլխատումներն ու զազրելի մարդասպանությունները հովանավորող Բաքվում:

Իսկ, ահա, Հայաստանի պաշտոնական տեսակետը եւ Bloomberg-ի առաջ Սերժ Սարգսյանի անկեղծացումները թույլ են տալիս հուսալ, որ Կազանի փաստաթուղթը հայկական կողմի համար այլեւս ժամանակավրեպ է: Սարգսյանը նաեւ բացառել է ռուսական խաղաղապահների հայտնվելը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, ինչը նշանակում է, որ կազանյան փաստաթղթի առանցքային կետերից մեկն ի չիք է դառնում։ Ի դեպ, Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո Լավրովն անթաքույց կերպով Արցախի հարցի բեռը բարդեց ԵԱՀԿ նախագահությունը ստանձնած Գերամանիայի վրա՝ անուղղակիորեն հավաստելով, որ Կազանի փաստաթուղթը այլեւս պիտանի չէ:

Ն. Հովսեփյան




Լրահոս