Օրեր առաջ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը վերջապես հայտարարեց իր նոր կուսակցության ստեղծման մասին: «Համախմբում» անվամբ նորաստեղծ կուսակցության նպատակների մասին «Ժողովուրդ»-ը զրուցել է կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Երվանդ Բոզոյանի հետ:
-Պարո՛ն Բոզոյան, ինչո՞ւ որոշվեց հենց այս լարված փուլում հայտարարել նորաստեղծ կուսակցության մասին:
-Այս ամենը նախատեսվում էր ավելի շուտ իրականացնել, պարզապես հաշվի առնելով Ձեր նշած գործոնը՝ մենք որոշում կայացրեցինք որոշ ժամանակ հետաձգել այդ պրոցեսը: Եւ երբ քիչ թե շատ լիցքաթափվեց այս վիճակը, մենք որոշեցինք այժմ հայտարարություն անել:
-Արդյո՞ք պատրաստվում եք այլ նորաստեղծ քաղաքական ուժերի հետ համագործակցել, օրինակ` Էդմոն Մարուքյանի ղեկավարած ուժի, Արա Աբրահամյանի…
-Մենք պատրաստ ենք համագործակցել բոլորի հետ: Կարծում եմ, որ այսօրվա իրավիճակում այլ քաղաքական շրջանակների հետ համախմբումը ոչ միայն անխուսափելի է, այլ նաեւ խիստ անհրաժեշտ, որը բխում է հասարակության շահերից: Մենք բաց ենք բոլորի համար, ոչ միայն Էդմոն Մարուքյանի, Արա Աբրահամյանի, այլ նաեւ բոլոր կուսակցությունների, ովքեր որ պատրաստ կլինեն հասկանալ, որ առանց մեծ կոնսոլիդացիայի, առանց մեծ համախմբման երկրում ոչ մի փոփոխութություն հնարավոր չէ:
-Որպես կուսակցություն, ո՞րն է Ձեր գլխավոր նպատակը, որն այլ կուսակցություններ ի զորու չեն իրագործել:
-Բոլորս էլ հասկանում ենք, որ երկրում պետք են փոփոխություններ. տնտեսական կյանքը կանգնած է, սոցիալական կյանքը խայտառակ իրավիճակի մեջ է, անվտանգության պրոբլեմը խոցելի վիճակում է, գրեթե կանգնած ենք պատերազմի շեմին: Մարդկանց մեջ կա հիասթափություն, ապագայի հանդեպ խորը անորոշություն: Ունենալով անվստահություն իշխանության հանդեպ, հասարակությունը չունի վստահություն այլ շրջանակների նկատմամբ: Մեր նպատակն է, որ մենք կարողանանք քաղաքական դաշտում ձեւավորել իր ուժերին համարժեք, կոնսոլիդացված այնպիսի մի բեւեռ, որը կկարողանա ստիպել իշխանությանը գնալ փոփոխությունների:
Եթե այդպիսի ուժ չձեւավորվի, իշխանությունը երբեք բարեփոխումների չի գնա: Վերջին տարիների կյանքը ցույց տվեց, որ իշխանությունը շարժվում է այնպես, ինչպես խորհրդային միության ռայկոմի քարտուղարները: Եթե երկրում մարդիկ թալանում են օրը ցերեկով, ապա դրա արդյունքում բանակը չի կարողանալու ունենալ այն համապատասխան զենք-զինամթերքը, հագուստեղենը եւ այն ոգին, որով կարելի է դիմակայել ադրբեջանական բանակին:
-Ձեր կուսակցությունը ինչպիսի՞ հարաբերություններ կարող է ունենալ ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի հետ:
-Մենք պնդում ենք, որ թշնամիներ չունենք այս երկրում: Համոզված ենք, որ նույնիսկ սեփական ապարատում, ՀՀԿ-ի ճնշող մեծամասնության մեջ մարդիկ անկեղծորեն ուզում են փոփոխություններ, չեն ուզում, որ այսպիսի իրավիճակ լինի, բայց հանգամանքների բերումով, հասկանալի է, որ որոշակի կաշկանդվածություն ունեն: Դրա համար մենք չենք համարում, որ այս իշխանությանը պետք է ոչնչացնել, քանդել ցանկացած գնով: Բայց մենք միաժամանակ հասկանում ենք, որ այդ կուսակցությունը ունակ չէ ինքնառեֆորմացիայի:
-Պարո՛ն Բոզոյան, ժամանակին Գագիկ Ծառուկյանը թողեց քաղաքականությունն ու կուսակցությունը, չե՞ք վախենում, որ Վ. Օսկանյանն էլ մի օր նույն կերպ կարող է վարվել:
-Մենք կուսակցությունում այնպիսի հատուկ համակարգ ենք ստեղծել, որ այն չընկալվի մեկ անձի կուսակցություն: Սա նույնպես էականորեն տարբերվելու է այլ կուսակցություններից: Այս կուսակցությունը լինելու է կուսակցություն, որտեղ թիմային որոշումներ է կայացվելու, եւ բոլոր խնդիրները կոլեգիալ որոշման արդյունքում են հաստատվելու: Քաղաքական դաշտում մոտավորապես այդպիսին է ՀՅԴ-ն, մնացած կուսակցությունները հիմնականում սպասարկում են լիդերների շահերը: Եթե իշխող կուսակցությունն էլ դադարի մեկ անձի շահերը սպասարկել, ե՛ւ ինքը կշահի, ե՛ւ հասարակությունը:
ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ