ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի անդամները, Քեփիթոլ Հիլում ելույթ ունենալով Հայոց ցեղասպանության ամենամյա ոգեկոչման միջոցառման ժամանակ, ընդգծել են, որ ԱՄՆ-ն պետք է աշխատի իրերն ու հանցագործություններն իրենց անուններով կոչելու ուղղությամբ, հաղորդում է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը:
Օրենսդիրները լուրջ մտահոգություն են հայտնել ԱՄՆ-ի պաշտոնական իշխանությունների ներկայիս հակահայկական և մեկդարյա ժխտողական քաղաքականության և միջազգային հանրության անտարբերության առթիվ` անգամ Լեռնային Ղարաբաղում վայրագությունների վերսկսման ահաբեկիչ նշանների ֆոնին:
«Այսօր էլ` 100 տարի անց, խոր վերք կա հայերի սրտում: Մարդու իրավունքները ողջ աշխարհում խախտվում են նաև այսօր: Այդ խախտումները դադարեցնելուն ուղղված առաջին կարևորը քայլը, որ պետք է անի ԱՄՆ-ն՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելն է և այն իր անունով կոչելը: Դժվարությունների առաջ հայ ժողովուրդը կանգնած է նաև այսօր` Լեռնային Ղարաբաղում վերսկսված ադրբեջանական բռնության պատճառով», – շեշտել է կոնգրեսական Դևիդ Սիսիլին:
Ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը շեշտող կոչով հանդես են եկել նաև սենատոր Ռոբերտ Մենենդեսը, Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնեն և Ռոբերտ Դոլդը, ինչպես նաև՝ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Աննա Էշուն, Քեթրին Քլարքը, Ջիմ Կոստան, Լինդա Սանչեսը և Բրեդ Շերմանը: