Դերասան, երգիչ Արամոյին առաջիկայում մեծ էկրանին տեսնելու առիթներ կունենանք: Նա կմարմնավորի թրաֆիքինգով զբաղվող ակումբի տնօրենից մինչեւ հայ մայորի կերպարներ: Դերասանը «Ժողովուրդ»-ին պատմել է նաեւ, որ իր կինը` Էմմա Պետրոսյանը, նոր պիես է գրել: Առաջիկայում բեմադրվող այդ պիեսի շրջանակում հանդես կգա նաեւ ինքը` Արամոն: Նշենք, որ այս տարի լրանում է Արամոյի բեմական գործունեության 30-ամյակը, որը երգիչը պատրաստվում է նշել:
-Արամո՛, վերջերս կինոնախագծերի շրջանակում Ձեզ հաճախ ենք տեսնում հանցագործ կերպարներում: Առաջիկայում նմանատիպ կամ դրանից տարբեր դերերում Ձեզ կտեսնե՞նք:
-Այո՛, ընդգրկված եմ, օրինակ` ռեժիսոր Արշալույս Հարությունյանի ֆիլմում, որը կոչվում է «Հայրեր». այն ռուս-հայկական համատեղ նախագիծ է, որն իրականացվում է РЕН ТВ-ի պատվերով: Ֆիլմը թրաֆիքինգի թեմայով է, ես մարմնավորում եմ ակումբի տնօրենի, որն աղջիկների է «ներմուծում» երկիր: Մյուս ֆիլմը, որտեղ կխաղամ, նվիրված է Արցախի Հանրապետության անկախության 25-ամյակին: Ռեժիսորը Մհեր Մկրտչյանն է, ինձ վստահված է հայազգի մայորի դերը: Հեռուստադիտողներն առաջիկայում ինձ կտեսնեն նաեւ «Աբելի քույրը» սերիալում, որտեղ կմարմնավորեմ Աբելի եւ Լիլիթի հորը:
-Ավելի վաղ «Ժողովուրդ»-ին տեղեկացրել էիք, որ Ձեր կինը` Էմմա Պետրոսյանը, նոր պիես է գրում, որը, հավանաբար, ինչպես «Սեւ, դառը շոկոլադ»-ի դեպքում եղավ, կբեմադրի Սուրեն Շահվերդյանը: Նշել էիք նաեւ, որ պիեսը համամարդկային արժեքներ կրող հայի կերպարի մասին է եւ այն մտածելու տեղիք կտա հանդիսատեսին: Հետաքրքիր է` ե՞րբ կբեմադրվի պիեսը, արդյո՞ք այն իր շուրջ կհամախմբի «Սեւ, դառը շոկոլադ»-ի թիմին:
-Ասեմ, որ Էմման համարյա ավարտել է պիեսը, եւ մենք սպասում ենք, որ ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը, ով Ռումինիայում Շեքսպիր է բեմադրում, վերադառնա Երեւան, որպեսզի սկսենք նախապատրաստական աշխատանքները եւ, ամենայն հավանականությամբ, աշնանը կարողանանք այն բեմ բարձրացնել: Թեման, իսկապես, բավական խորն է եւ հուզիչ: Պիեսում կա երեք գործող անձ` կինը, հոգեւորականը եւ կրկեսի ծաղրածուն: Թերեւս, այո, կաշխատենք նույն թիմով, տեսնենք` ինչպես կստացվի:
-Ձեր ներկայացրած երաժշտության սիրահարները կարոտել են Ձեր կատարումները, հատկապես` իմպրովիզները: Ինչպե՞ս եք պատրաստվում բավարարել նրանց սպասումները:
-Մենահամերգով հանդես գալու մեծ նպատակ ունեմ, հատկապես, որ այս տարի լրանում է իմ բեմական գործունեության 30-ամյակը: Կարծում եմ` կնշեմ այդ առիթը, կփորձեմ Օպերային թատրոնի դահլիճում մտերմիկ երեկո կազմակերպել եւ հրավիրել սակավաթիվ մարդկանց, որոնց արվեստն ինքս շատ սիրում եւ գնահատում եմ:
-Իսկ այդ օրը ջազ կերգե՞ք:
-Անպայման. ջազն իմ ապրելակերպն է, ո՞նց կարող եմ չերգել:
-Ակումբային ընթացիկ համերգների մասին մտածո՞ւմ եք:
-Այո՛, կցանկանայի աշնանը` սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին համերգ ունենալ, որը, հնարավոր է, լինի շարունակական:
-Վերջին շրջանում Ձեր քաղաքացիական դիրքորոշումը հայտնեցիք` պահանջելով դադարեցնել Երեւան քաղաքում հին շենքերի քանդման գործընթացը: Դուք մի խումբ մտավորականների եւ արվեստագետների հետ «Քաղաքացիական պահանջագիր» էիք հանձնել Երեւանի քաղաքապետարանին: Դրանից հետո էլ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը հանդիպել էր մտավորականների հետ եւ լսել նրանց մտահոգությունները։ Ի՞նչ եք կարծում` Ձեր ձայնը տեղ հասա՞վ:
-Ընկերներս ասացին, որ Պուշկին-Աբովյան-Արամի փողոցների պատմական շենքերին վտանգ չի սպառնում… Երեւի թե մեր խոսքը տեղ հասել է: Գիտե՞ք` կան շենքեր, որոնք պետք է պահել` որպես պատմություն, հիշողություն եւ որպես գույն: Քաղաքն, ի վերջո, իր հնագույն շենքերով է գեղեցիկ: Իհարկե, կան նաեւ ճարտարապետական արժեք ներկայացնող նոր շենքեր. ես հիացած եմ, օրինակ, արտգործնախարարության նոր շենքով: Բայց ինչ վերաբերում է 100-ամյա կառույցներին, կցանկանայի, որ դրանց ճակատագրի վերաբերյալ քաղաքային իշխանությունները մտածեին ոչ բիզնես տեսանկյունից: Չերեմուշկայի կողմը, օրինակ, տարածքներ կան, թող այնտեղ բարձրահարկ շենքեր կառուցեն, օգտագործեն այդտեղի եւ էլի մի շարք այլ տարածքների հողերը, բայց մեր 100-ամյա «տատիկ-պապիկներին» չնեղացնեն:
Աննա Բաբաջանյան