Թուրքիայի կառավարությունը մերժել է իր երկրում Արգենտինայի դեսպանի պաշտոնում Էստինիսլաո Անգել Սավելսի թեկնածությունը Հայոց ցեղասպանության հարցում նրա ունեցած դիրքորոշման համար։
Այս մասին հայտնում է Clarin թերթը։
Պարբերականը նշել է, որ Սավելսին խորհուրդ են տվել նախկին պատգամավորները, որոնք հաշվի են առել այն փաստը, որ նրա հայրը Թուրքիայում երկար տարիներ դիվանագետ է եղել։ Այդուհանդերձ Թուրքիայի ներկայիս իշխանությունները տեղյակ չեն եղել, որ Սավելս կրտսերը հեղինակել է մի քանի հոդված, որոնցից մեկը կոչվում է «Գրառումներ ցեղասպանությունների մասին», որը գրվել էր 2012-ին Temas-ի համար։ Հոդվածում նշվում է, որ ցեղասպանության վերջին փուլը դրա ժխտումն է։ «Հայտնի է, որ մինչեւ վերջերս Թուրքիայի պաշտոնական քաղաքականությունը Հայոց ցեղասպանությունը ժխտելն է։ Այդ արտահայտությունը բավական էր թուրքերին զայրացնելու եւ ԱԳՆ-ում մթնոլորտը փոխելու համար»,- ասված է եղել հոդվածում։
Հարավային Ամերիկայի հայ դատի հանձնախմբի տնօրեն Ալֆոնսո Տաբակյանը հայտնել է, որ զարմացած չէ, որ Թուրքիան լոբբիի միջոցով ճնշում է գործադրում ամեն երկրի վրա։ Էրդողանն ուզում է այնպիսի դիվանագետներ ունենալ, որոնք ասում են միայն այն, ինչ ինքն ուզում է լսել, փոխանցում է Prensa Armenia-ն։