ԸՕ նախագծի քվեարկությունն անցավ բերման ենթարկված ՀՀԿ-ականներով. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Խորհրդարանական այս շաբաթվա ողջ քառօրյայում միայն ՀՀ ընտրական օրենսգրքի նախագիծը քննարկվեց եւ երեկ վերջապես առաջին ընթերցմամբ ընդունվեց: Նախօրեին գումարված ՀՀԿ նիստը եւ Սերժ Սարգսյանի նախատինքները տեղ հասան. կուսակիցները մեկ մարդու պես ներկայացան խորհրդարան, որպեսզի իշխող կուսակցության համար առանցքային նշանակություն ունեցող օրենսգրքի քվեարկությունը չտապալվեր: Բայց անգամ այդ պարագայում ԱԺ-ն ՀՀ ընտրական նոր օրենսգրքի նախագիծն առաջին ընթերցմամբ երկու փորձից միայն հաստատեց: Բանն այն է, որ առաջին անգամ, երբ նախագիծը դրվեց քվեարկության, 85 կողմ, 2 ձեռնպահ ձայն հավաքեց: Ու թեեւ նախագիծն արդեն անցել էր, բայց դահլիճում բողոքների առկայության պատճառով նախագծի քվեարկությունը երկրորդ անգամ կազմակերպվեց, ինչի արդյունքում արդեն կողմերի թիվը դարձավ 98, դեմերը՝ 9 եւ 5 ձեռնպահ:

Նկատենք, որ անցած 4 օրերի քառօրյա նիստերի ընթացքում ԸՕ քննարկումներն անցան ավելի քան բուռն, եւ երբեմն բանը հասավ նույնիսկ վիրավորանքներին: Կարելի է ասել՝ նախընտրական մթնոլորտը ԱԺ-ում արդեն իրեն լիարժեք զգացնել է տալիս: Ուշագրավն այն էր, որ փոխադարձ հրաձգությունների մի զգալի մասը ընդդիմադիր դիրքերից հանդես եկող գործիչների միջեւ էր: Այլ կերպ ասած՝ ընդդիմության շրջանում արդեն մեկնարկել է ներքին պայքարը, որի ընթացքում պետք է հասկանալի դառնա, թե որ ուժն է 2017-ի ԱԺ ընտրություններում իշխանություններին մարտահրավեր նետելու:

ԸՕ քննարկումների արդյունքում կարող ենք արձանագրել նաեւ՝ ՀՀ իշխանությունները, այնուամենայնիվ, ստիպված էին որոշակի զիջումների գնալ: Ամեն դեպքում հրապարակային այդպես է հայտարարվում: Թերեւս զիջումների ծավալներն ու բնույթը պարզ կլինի այն ժամանակ, երբ ԸՕ նախագիծը կներկայացվի խորհրդարանին՝ երկրորդ եւ երրորդ վերջնական ընթերցմամբ ընդունելու համար: Նախատեսվում է, որ ԸՕ-ն երկրորդ եւ երրորդ ընթերցմամբ քվեարկության կներկայացվի մայիսի 16-ից 19-ը կայանալիք քառօրյայի ընթացքում, որպեսզի մինչեւ հունիսի 1-ն այն պատրաստ լինի եւ կիրառման մեջ մտնի, քանի որ ՀՀ փոփոխված Սահմանադրությամբ այդ ժամկետն է նախատեսված»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս