Երևանի «Սլավմեդ» բժշկական կենտրոնում ապրիլի 28-ին ծննդկան է մահացել: Բժշկական կենտրոնի տնօրինությունը արձանագրված դեպքի մասին տեղեկացրել է գլխավոր ՀՀ ԱՆ մանկաբարձ գինեկոլոգ, ակադեմիկոս Ռազմիկ Աբրահամյանին: Իրավապահ մարմիններին տրամադրվել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: ՀՀ առողջապահության նախարարը նույն օրը` ապրիլի 28-ին, հրավիրել է խորհրդակցություն «Սլավմեդ» բժշական կենտրոնի տնօրենի, պատասխանատու բուժանձնակազմի և ոլորտի առաջատար մասնագետների մասնակցությամբ:
Ինչպես ArmLur.am-ը տեղեկացավ ՀՀ առողջապահության նախարարությունից, գլխավոր մանկաբարձ գինեկոլոգը նախարարին զեկուցել է, որ 37-ամյա կինը մահացել է հետծննդյան շրջանում: Ներկա պահին գործը նախաքննության վարույթում է, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, եզրակացությունից հետո նոր հնարավոր կլինի հստակեցնել մահվան պատճառը: Խորհրդակցության ընթացքում նախարարն ընդգծել է, որ մայրական և մանկական մահացության յուրաքանչյուր դեպք գտնվում է իր ուշադրության կենտրոնում, հանձնարարել է կատարել դեպքի մասնագիտական անաչառ և օբյեկտիվ ուսումնասիրություն: