«Վերադարձ հին վիճակին» այլեւս չի գործելու. պատերազմը փոխում է նաև քաղաքական դաշտը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քառօրյա պատերազմը կայծակնային արագությամբ փոխեց Հայաստանի հանրային գիտակցությունը, եւ այդ հանգամանքը արդեն իսկ նկատելի է դառնում նաեւ քաղաքական դաշտում, որտեղ թվում էր, թե տարիների ընթացքում միայն նշանակալի տեղաշարժեր կլինեն:

Վերջին մեկուկես տասնամյակում Հայաստանի քաղաքական դաշտը փաստացի երկու բեւեռների էր բաժանվել, եւ հայ հանրությանը քաղաքական ուժերը մշտապես երկու` ռուսամետ եւ արեւմտամետ ընտրությունն էին պարտադրում տարիներ շարունակ: Ու այդ դիրքորոշումը շատ հաճախ փոխվում է, քանի որ ոչ թե սկզբունքայնության դրսեւորում է այդ կեցվածքը, այլ քաղաքական նպատակահարմարության: Նույնիսկ բանն այնտեղ հասավ, որ նախկինում արեւմտամետի կերպարով հանդես եկող քաղաքական ուժերից մեկը՝ տեսնելով, որ ռուսամետների դաշտն անտեր է մնացել, սահուն անցում կատարեց դեպի այնտեղ: Հայկական ազգանունով Ռուսաստանի շահերը սպասարկող գործիչներն էլ հայտարարել էին Հայաստանում կուսակցություն հիմնադրելու եւ մեր քաղաքական դաշտ մուտք գործելու մտադրության մասին: Թվում էր, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններում, ինչպես միշտ, շիլաշփոթ իրավիճակ է ստեղծվելու:

Սակայն քառօրյա պատերազմը քաղաքական դաշտում այնպիսի փոփոխություններ հարուցեց, որոնք մինչեւ մարտի 30-ը կարող էին անհնար թվալ: Այսօր արդեն կուսակցությունները խուսափում են ընդգծել իրենց «մետությունը»: Ռուսամետները այնպիսի կեցվածք են ընդունել, կարծես իրենք չէին քառօրյա պատերազմից ընդամենը երեք-չորս օր առաջ Մոսկվայում հանդիսավորությամբ «ֆիլիալներ» բացում: Արեւմտամետերը մյուս կողմից են խուսափում իրենց` «Եվրոպան եւ Ամերիկան մեզ կփրկեն» բանաձեւով պարփակվող միտքը հանրության վզին փաթաթելուց: Քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ Հայաստանին կփրկի եւ կպաշտպանի միայն սահմանին կանգնած իր քաղաքացին, իր զինվորը:

Մինչ այս հայտնի էր, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի նոր ստեղծվելիք կուսակցությունը պետք է իր մասին ավետեր: Սակայն ակնհայտ է, որ այդ գործընթացն անորոշ ժամանակով սառեցվել է, եւ առավել հավանական է, որ այն այլեւս օրակարգից դուրս է եկել: Այդ մասին է վկայում նաեւ այն փաստը, որ նույն Աբրահամյանի հայտնությանը սպասող շատ գործիչներ հույսները կտրած տեղավորվեցին Վարդան Օսկանյանի «Համախմբման» մեջ: Եթե մեկ ամիս առաջ որեւէ մեկը հայտարարեր, որ հայաստանյան հանրության լայն շրջաններում Ռուսաստանի՝ որպես Հայաստանի պաշտպան, ընկալումը մի ակնթարթում կարող է վերանալ, ապա տվյալ անձին հաստատ խելագարի տեղ կդնեին: Բայց այսօր նման իրավիճակն արդեն իսկ իրողություն է: Անգամ Սերժ Սարգսյանը ՀՀԿ նիստի ժամանակ հանրապետականներին է սաստել, որպեսզի նրանք հակառուսական տրամադրություններին տոն չտան:

Վարդան Օսկանյանը Հայաստան տեղափոխվելու եւ այստեղ արտաքին գործերի համակարգում փոխնախարարից մինչեւ նախարարի պաշտոն զբաղեցնելու երկարուձիգ քսան տարիների ընթացքում մշտապես ընկալվել է որպես ԱՄՆ ներկայացուցիչ: Սակայն նախօրեին ակնհայտ դարձավ, որ նա եւս փորձում է հնարավորինս զգուշությամբ պարզել «ամերիկամետի» իր դրոշը: Ակնհայտ է, որ Օսկանյանը եւ նրա շուրջ բոլորը հավաքվածները զգում են քաղաքական դաշտում ընթացող փոփոխությունների ոգին, բայց առավելագույնը, որ կարող են անել, փորձում են կես ձայն տարածել «ամերիկան մեզ կփրկի» մտքի հաշիշը` հույսով, որ դեռ հնարավորություն կունենան այդ մասին ողջ կոկորդով բղավել:

Սակայն իրողությունն այն է, որ «վերադարձ հին վիճակին» այլեւս չի գործելու, ուստի քաղաքական ուժերն այլեւս ստիպված են լինելու իրենց ասելիքը, իրենց ծրագրերն ու գաղափարախոսությունը զուտ հայկական առանցքի շրջանակներում ներկայացնել: Իհարկե, կլինեն այնպիսիք, որոնք նոր իրողությունը մինչեւ վերջ չեն ընկալի եւ կփորձեն հին իներցիայով շարժվել, սակայն 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում ոտատակ ընկնելուց բացի՝ ոչինչ չեն կարող ակնկալել:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս