«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գործող հանցավոր խմբավորման պարագլուխը հայտնաբերվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 5-ին, Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կալանավորներին պահելու խցից փախուստի էր դիմած 31-ամյա Սպարտակ Դանիելյանը հայտնաբերվել է: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Հիշեցնենք, որ նրան անվանում էին որպես «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գործող հանցավոր խմբավորման պարագլուխ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ArmLur.am-ը, Սպարտակ Դանիելյանը խարդախության համար դատապարտված լինելով 10 տարվա ազատազրկման, ՔԿՀ-ից շարունակել է նորանոր խարդախություններ անել, եւ հիմա միայն Կենտրոնի դատարանում քննվող այս քրեական գործով նա մեղադրվում է 25 դրվագներով խոշոր եւ առանձնապես խոշոր չափերի խարդախություն անելու մեջ:

«Ժողովուրդ» օրաթերթ փոխանցել էր, որ նա փախուստի է դիմել հետնամուտքով, իսկ սենյակի մուտքի մոտ, որտեղ գտնվել է նա, որեւէ մեկը չի հսկել, եւ, ամենայն հավանականությամբ, Սպարտակը՝ տեսնելով, որ դռան մոտ որեւէ մեկը չի հսկում, ճողոպրել է: Ըստ էության, տեղի ունեցած միջադեպը մի լավ դաս է եղել Կենտրոն դատարանի նախագահի եւ կարգադրիչների ղեկավարության համար, քանի որ մեզ տեղեկություններ հասան, որ դեպքից անմիջապես հետո դատարանի ղեկավարությունը որոշել է կալանավորվածների համար սահմանված սենյակի մուտքի մոտ, բացի ոստիկաններից, հսկողություն սահմանեն նաեւ դատարանի կարգադրիչները:

Ի դեպ, նկատենք, որ տեղի ունեցած միջադեպի գործով դատական կարգադրիչները իրենց մեղավոր չեն ճանաչում՝ ըստ էության, մեղքը գցելով ոստիկանների վրա: Նրանք նշում են, թե սենյակը, որտեղ պահում են կալանավորներին, հսկողություն են իրականացնում ոստիկանները: Սակայն նշենք, որ տեղի ունեցած դեպքից հետո ինչպես ՀՀ ոստիկանությունում, այնպես էլ ՀՀ դատական դեպարտամենտում ծառայողական քննություն է նշանակվել՝ հասկանալու համար, թե որ համակարգի բացթողման արդյունքում կալանավորը փոխուստի դիմեց:




Լրահոս