Ռուսաստանը կկանգնի Հայաստանի կողքին, եթե պատերազմն անդրադառնա հենց Հայաստանի վրա. ռուս ռազմական փորձագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի զրուցակիցն է Ռուսաստանի քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի վերլուծական բաժնի վարիչ Ալեքսանդր Խրամչիխինը:

– Պարո՛ն Խրամչիխին, նախ, կարո՞ղ եք գնահատական տալ, թե ինչ տեղի ունեցավ ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, ով էր նախաձեռնողը, ով սկսեց առաջինը:

-Ինձ համար դժվար է միանշանակ պատասխանել: Ամեն դեպքում ես մտածում եմ, որ առաջին հերթին դա թուրքական կողմի նախաձեռնությունն էր, որպեսզի Ռուսաստանի համար մաքսիմում խնդիրներ ստեղծի, որպես Սիրիայում տեղի ունեցածի պատասխան:

-Դա հաջողվե՞ց Թուրքիային:

-Որոշ չափով հաջողվեց, քանի որ Ռուսաստանի համար խնդիրներ  ստեղծվեցին քաղաքական, դիվանագիտական առումներով: Չնայած դրանք կրիտիկական չեն և համեմատելի չեն այն խնդիրների հետ, որոնք Ռուսաստանը ստեղծել էր Թուրքիայի համար, բայց միևնույն է, որոշ չափով դա Թուրքիային հաջողվեց:

-Իսկ այժմ ի՞նչ են ցանկանում Ադրբեջանը կամ Թուրքիան: Հնարավոր համարո՞ւմ եք լայնամասշտաբ պատերազմի վերսկսումը:

– Ես մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու, որ պատերազմի վերսկսումն անհնար է, քանի որ կողմերի տեսակետներն անընդունելի են միմյանց համար և հարցը գնում է տարածքային խնդիրների մասին: Եթե երկու կողմերն էլ Ղարաբաղն իրենցն են համարում, ապա ինչպես կարող է առանց պատերազմի լինել:

-ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Bloomberg»ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ բանակցություններ կարող են վերսկվել միայն անվտանգության երաշխիքների առկայության, հետաքննության մեխանիզմների ներդրման և հասցեական հայտարարությունների առկայության դեպքում: Արդյոք սա նշանակում է, որ հայկական կողմը կոշտացրե՞լ է իր դիրքորոշումը:

-Ո՞վ պետք է այդ երաշխիքները տա, ինչ կերպ: Ես չեմ կարող ասել դրանք ավելի են կոշտացել, թե ոչ, քանի որ միշտ էլ կոշտ են եղել: Սակայն ես չեմ կարողանում հասկանալ`  ինչպես կարող է համաձայնություն լինել:

-Իսկ ինչպե՞ս է Կրեմլն ընդունել Հայաստանի դիրքորոշումը:

– Ես չեմ կարող պատասխանել Կրեմլի փոխարեն, սակայն չեմ կարծում, որ Կրեմլն այլ դիրքորոշում էր սպասում:

– Պարո՛ն Խրամչիխին, ինչպե՞ս է Ռուսաստանը հետաքրքրված Ղարաբաղյան հարցի կարգավորմամբ:

– Ռուսաստանը միանշանակ հետաքրքրված է ստատուս-քվոյի պահպանմամբ և սա այն դեպքն է, երբ Արևմուտքի և Ռուսաստանի  դիրքորոշումները համընկնում են: Պարզ է, որ նաև Հայաստանն ավելի շատ հետաքրքրված են ավելի շատ ստատուս-քվոյի պահպանմամբ և միայն Ադրբեջանն է, որ այդ հարցում հետաքրքրված չէ:

– Վերջին իրադարձությունները կարո՞ղ են բացասական ազդեցություն ունենալ հայ-ռուսական հարաբերությունների վրա:

– Ես չգիտեմ` ով ումից կարող է նեղանալ, չնայած ամեն ինչ էլ հնարավոր է: Ես հասկանում եմ, որ հայկական կողմը նեղանալու հիմքեր ունի, բայց մյուս կողմից էլ, ես Հայաստանի համար այլընտրանք չեմ տեսնում: Այդպիսի տարբերակ ուղղակի գոյություն չունի: Իհարկե Հայաստանի գործն է` հասկանալ, թե ինքն ինչպիսի իրավիճակում է գտնվում, սակայն կարծում եմ, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը կբերի լիակատար մեկուսացման, քանի որ Հայաստանն ուղղակի այլընտրանք չունի:

– Իսկ եթե պատերազմ լինի, ապա Ռուսաստանն ինչպիսի՞ դիրքորոշում կհայտնի:

– Եթե պատերազմը չանդրադառնա անձամբ Հայաստանի վրա, ապա, ակնհայտ է, որ Ռուսաստանը չեզոք կմնա: Իսկ եթե պատերազմն անդրադառնա Հայաստանի վրա,  ապա Ռուսաստանը ստիպված կլինի խառնվել և կանգնել Հայաստանի կողքին:

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը

 




Լրահոս