Օրերս Բաքվում անցկացվեց ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ գլոբալ ֆորումը, որն ուղղված էր սոցիալական ներառականության ձեւավորմանը որպես խաղաղության եւ կայուն զարգացման նախադրյալ:
Հայաստանն իր դժգոհությունը հայտնեց Ադրբեջանում ֆորումի անցկացման կապակցությամբ.
«ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի յոթերորդ ֆորումին նախորդող օրերի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են խախտել հրադադարի ռեժիմը՝ հանգեցնելով նոր մարդկային կորուստների: Ադրբեջանի կողմից ագրեսիայի սանձազերծումից մինչ օրս ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվել և վիրավորվել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում: Այս ամենը հակասում է առավել խաղաղ և սոցիալապես ներառուն աշխարհ ստեղծելուն, տարբեր մշակութային և կրոնական ինքնություն ունեցող ժողովուրդների միջև փոխադարձ հարգանք կառուցելու ֆորումի նպատակներին, որն անցկացվում է այնպիսի մի երկրում, որի իշխանություններն իրականացնում են բարբարոսություն և սպանություններ Ֆորումի վայրից ընդամենը մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա: Սա անարգանք է Դաշինքի հեղինակության նկատմամբ»,- ասված էր ՀՀ արտգործնախարարության հայտարարության մեջ:
ArmLur.am-ը կապ հաստատեց ֆորումի բանախոսներից մեկի՝ Հյուսիսային Իռլանդիայի խորհրդարանի առաջին խոսնակ Ջոն Ալդերդայսի հետ՝ փորձելով պարզել իր դիրքորոշումը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին վերջերս իրականացված ռազմական գործողությունների վերաբերյալ, սակայն ի զարմանս մեզ՝ Ադրբեջանում օրեր առաջ խաղաղության կառուցման ու ահաբեկչության վերացման մասին խոսող բանախոսը պատասխանում է, որ չի կարող խոսել վերոնշյալ թեմայով, քանի որ բավականաչափ տեղեկացված չէ վերջին դեպքերից, ինչպես նաեւ երկրների միջեւ գոյություն ունեցող պատմական խնդրից:
«Ես նախընտրում եմ չտալ հարցազրույցներ այն թեմաների վերաբերյալ, որոնց մասին բավականաչափ տեղեկություն չունեմ»: