Ապրիլի 30-ին նշվում է Ջազի միջազգային օրը: 2011թ. վերջերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունել է բանաձև, համաձայն որի՝ 2012 թվականից ապրիլի 30-ը նշվելու է որպես Ջազի միջազգային օր:
Ներկայումս բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, ուսումնական հաստատություններ և մասնավոր անձինք աջակցում են ջազի զարգացմանը: Այդ գործում նրանց համար հավելյալ «գործիք» է դարձել Ջազի միջազգային օրը:
Ջազն ի հայտ է եկել 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին որպես աֆրիկյան և եվրոպական մշակույթների սինթեզ և առ այսօր շարունակում է մնալ երաժշտական արվեստի բացառիկ ձև, որը միավորում է ազգերին, վերացնում սահմանները մարդկանց և պետությունների միջև:
«Ջազն իր ողջ պատմության ընթացքում եղել է դրական փոփոխությունների գործոն, որպիսին շարունակում է լինել նաև այսօր… Իր ակունքներում ունենալով ստրկությունը՝ ջազը կեղեքման բոլոր ձևերի դեմ հանդես եկող երաժշտություն է, որը խոսում է ազատության լեզվով և կարևոր նշանակություն ունի բոլոր մշակույթների համար»,-ասել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովան: