Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Ա. Երիցյանը։ ՓԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված արտակարգ պատահարների ու ձեռնարկված միջոցառումների մասին։
Այս շաբաթ ամփոփվել է մարդկանց անվտանգության ու փրկության թեմայով “Արիության համաստեղություն” հանրապետական փառատոնի մասնակիցների կազմը, իսկ հաղթողները կպարգևատրվեն սեպտեմբերի 4-ին նշվող ՀՀ ԱԻ աշխատակցի օրվան նվիրված տոնական միջոցառումների ընթացքում։
Օգոստոսի 20-21-ը Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության գրասենյակի աջակցությամբ որոնողական աշխատանքների թեմայով դասընթացներ են կազմակերպվել փրկարարների համար, որոնք պիտի ընդգրվեն ԻՆՍԱՐԱԳ-ի չափանիշներին համապատասխան միջազգային որոնողափրկարարական թիմերում։
ՓԾ տնօրենի տեղակալը զեկուցեց նաև, որ ընթացքի մեջ են ԱԻՆ միասնական բազայի կառուցապատման և հոկտեմբերին ԼՂՀ-ում կայանալիք համատեղ խոշոր ուսումնավարժության նախապատրաստական աշխատանքները։
“ՍՊԾ” գործակալությանը նախարար Ա. Երիցյանը հանձնարարեց ուսումնասիրել ՀՀ տարածքում գտնվող ջրամբարների շուրջ տեղադրված սեյսմատվիչների վիճակը և ներկայացնել առաջարկություն՝ դրանց վերագործարկման ու սարքերի նկատմամբ հսկողություն սահմանելու վերաբերյալ։
ՃԿՊԱ ռեկտոր, գնդապետ Հ. Մաթևոսյանը զեկուցեց Լուսակերտի ուսումնական բազայի բարեկարգման աշխատանքների վերաբերյալ։ Շուտով ՀՀ ՊՆ աջակցությամբ այնտեղ կտեղադրվեն ուղղաթիռի և ինքնաթիռի մոդելներ՝ ուսումնավարժանքների ժամանակ ավիավթարների նմանակման համար։
ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրեն Մ. Պողոսյանը հայտնեց, որ նախորդ շաբաթ ԱԻ նախարարի Լոռու մարզում հրավիրած արտագնա խորհրդակցությունը շատ մեծ դրական արձագանք է ստացել։ Ա. Երիցյանը նշեց, որ նման հանդիպումներ են լինելու ՀՀ բոլոր մարզերում։ Առաջիկայում նախատեսվում է այցելել Շիրակի և Տավուշի մարզ։