Իրանից Հայաստան ներմուծվում է մոտ 600 անուն ապրանք, իսկ Հայաստանից դեպի Իրան արտահանվում է մոտ 100 տեսակ ապրանք, այն էլ քիչ քանակությամբ: Ի վերջո, հայ գործարարները ե՞րբ հնարավորություն կունենան դեպի Իրան մեծ քանակությամբ ապրանքներ արտահանել: Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ-ում Իրանի դեսպանի առեւտրի գծով խորհրդական Համայակ Ավետիսյանսի հետ:
-Պարո՛ն Ավետիսյանս, հայ գործարարները Հայաստանից դեպի Իրան ապրանքներ արտահանելու ինչպիսի՞ հնարավորություններ ունեն:
-Եկեք՝ իրականությունը շատ բաց ասեմ. Հայաստանի արտադրման եւ արտահանման հնարավորություններն ու տեսականին շատ սահմանափակ է: Իսկ եղածի քանակն էլ այնքան քիչ է, որ հազիվ Իրանի մի քաղաքին կարողանա գոհացնել: Իրանն ունի 80 մլն բնակիչ եւ երեք տասնյակ տարիների ընթացքում սահմանափակումների պատճառով որոշել է, որ ինքնաբավ լինի եւ միայն տեղական արտադրանքով կարողանա իրեն գոհացնել: Բայց դա գյուղատնտեսության ոլորտում չի կարող այդպես լինել, որովհետեւ Իրանում եղանակային շատ խիստ չորություն կա, անձրեւ քիչ է գալիս: Դրա համար էլ ցորեն կամ եգիպտացորեն ցանելուց հետո, եթե անձրեւ չի գալիս, ապա դրանք հարկադրաբար այլ երկրից են գնում: Մեծ մասամբ՝ լատինամերիկյան երկրներից: Հիմա պետք է նայել, տեսնել, թե Հայաստանն ինչ ունի դեպի Իրան արտահանելու համար:
-Ըստ Ձեզ՝ ի՞նչն է խնդիրը, որ Հայաստանի արտադրական հզորութունները զարգացնելու հարցում առաջընթաց չկա: Ընդհակառակը, վերջին տարիներին ՀՀ-ում բազմաթիվ ընկերություններ, գործարաններ փակվում են, սնանկանում:
-Դա տարբեր պատճառներ կարող է ունենալ: Օրինակ՝ դոլարի, եվրոյի, ինչու չէ, նաեւ ռուսական ռուբլու փոխարժեքի տատանումները: Հայ արտադրողի միտքը հանգիստ չլինի, ապահով իրեն չզգա կամ հարկային մաքսային կառույցների կողմից ճնշման տակ լինի, բնական է, որ պետք է սնանկանա կամ փակվի: Հարկային եւ մաքսային ծառայությունները պետք է նկատի առնեն, որ եթե ընդհանուր աշխարհում էկոնոմիկան լավ վիճակում չէ, ապա պետք է այդ բեռը ներքին արտադրողի համար մի քիչ թուլացնել: Պետք է նախ ուսումնասիրել՝ ինչու են սնանկանում ընկերությունները: Գուցե՞ վարկ են վերցնում եւ չեն կարողանում մարել տոկոսները, որովհետեւ դրանք շատ բարձր են: Այդ ամենը շղթայաձեւ կապված է իրար հետ:
-Իսկ Իրանում ինչպիսի՞ն է պատկերը: Իրանական կառավարությունը գործարարի կողքի՞ն է:
-Իրանում պետությունը ներքին ներդրողին, արտադրողին շատ է օգնում՝ ցածր տոկոսադրույքով երկարաժամկետ վարկեր տալով: Միայն դա չէ. երբ այլ երկրներից դեպի Իրան ապրանք է ներմուծվում, ապա դրանց վրա բարձր մաքսատուրքեր են գործում, ինչը նույնպես ներքին արտադրողին նպաստելու համար է: Հենց սա է պատճառը, որ ՀՀ-ից մեծ քանակությամբ ապրանքատեսակ չի արտահանվում դեպի Իրան, որովհետեւ մաքսատուրքերը բարձր են: Իհարկե, սա պետք չէ երկար շարունակել: Իսկ, ահա, իրանցի գործարարների համար դեպի այլ երկիր արտահանման դեպքում որեւիցե մաքսատուրք գոյություն չունի: Ամբողջ գործընթացը զրոյական է. առանց որեւէ խոչընդոտի նրանք կարող են արտահանել: Դա օտար երկրներից իրենց երկիր դոլար բերելու հնարավորություն է:
-Այսօրվա դրությամբ Հայաստանից դեպի Իրան կոնկրետ ի՞նչ ապրանքատեսակներ են արտահանվում:
-Հայաստանից մոտավորապես 100 անուն ապրանքատեսակ է արտահանվում դեպի Իրան, բայց շատ սահմանափակ քանակությամբ: Իսկ Իրանից դեպի ՀՀ՝ մոտ 600 անուն ապրանքատեսակ է ներմուծվում: Օրինակ՝ այստեղից արտահանվում են բժշկական սարքավորումներ՝ սահմանափակ քանակությամբ, մեքենայի մարտկոցներ, ոչխարի միս, որոշ մետաղական ջարդոններ: Սննդամթերք քիչ քանակությամբ է արտահանվում, որի մի մասն էլ՝ ապօրինի ճանապարհով: Քանի որ սննդամթերքի համար հատուկ ստանդարտներ են կիրառվում, դա մեծ դժվարություններ է առաջացնում արտահանողների մոտ:
-Պարո՛ն Ավետիսյանս, վերջին շրջանում հայ ձկնաբույծները ռուսական կողմի հետ դժվարություններ ունեցան: Նույնիսկ խոսակցություններ եղան հայկական ձկնամթերքը դեպի Իրան արտահանելու մասին: Որքանո՞վ են նման հնարավորություններն իրատեսական:
-Իրանում ձկնաբուծությունը զարգացած է: Չէ որ այնտեղ երկու ծով կա: Բայց անցած տարի իրանցի ձկնաբույծներ եկան Հայաստան, շրջեցին տեղական ձկնարտադրություններում եւ համոզվեցին, որ հայ ձկնաբույծները ճիշտ մեթոդով չեն աշխատում: Այսինքն՝ հայ ձկնաբույծները ծախսեր շատ են կատարում, բայց քիչ արտադրանք են ստանում: Եվ այսքանով հանդերձ այստեղ ձուկն ավելի էժան գնով է իրացվում, քան Իրանում: Ի դեպ, վերջին ամսվա մեջ մարդիկ են եկել Հայաստան՝ հայկական ձուկը դեպի Իրան տանելու համար:
-Ի՞նչ եք կարծում՝ արցախյան քառօրյա պատերազմը ՀՀ-ում ներդրում անելու մտադրություն ունեցողների վրա ի՞նչ ազդեցություն կունենա:
-Չեմ կարծում, որ բացասական ազդեցություն կունենա, որովհետեւ սահմանին միշտ էլ բախումներ եղել են: Նույնիսկ ես իրենց փոխանցեցի, որ Հայաստանում այնքան խաղաղ ու հանգիստ էր, որ նախագահը այդ օրերին մեկնեց Գերմանիա: Եւ իր այցը չհետաձգվեց: Երբ անցած շաբաթ գնացի Իրան, ինձանից հետաքրքրվեցին, ես էլ պատասխանեցի, որ ամեն ինչ խաղաղ է: Իհարկե, մտահոգվում են ու հետաքրքրվում:
զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ