Ֆրանսահայերի հոգևոր առաջնորդն Օլանդին է փոխանցել համայնքի մտահոգություններն Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ելիսեյան պալատում ընդունել է Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ եպիսկոպոս Վահան Հովհաննեսյանին և նրա քաղաքական հարցերով խորհրդական Արթուր Խանջյանին: Ավելի քան մեկ ժամ տևած հանդիպման ժամանակ Վահան Հովհաննեսյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ներկայացրել է Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի գործունեությունը, բարձրացրել ֆրանսահայությանը հուզող հարցեր:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­-ը՝ վկայակոչելով Nouvelles d`Armenie­ն, եպիսկոպոսն Օլանդին է փոխանցել ֆրանսահայության ակնկալիքները Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու օրենքի ընդունման հարցում, հետաքրքրվել այդ ուղղությամբ կատարվող քայլերի մասին և նշել, որ ֆրանսահայերն անհամբերությամբ են սպասում այդ օրենքի ընդունմանը: Նա նաև Օլանդին է փոխանցել ֆրանսահայերի մտահոգություններն Ադրբեջանի կողմից (Թուրքիայի աջակցությամբ) սանձնազերծված ապրիլյան պատերազամական գործողությունների շուրջ: Վահան Հովհաննեսյանը խնդրել է Ֆրանսիայի նախագահին՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի և ՄԱԿ­ի անվտանգության խորհրդի անդամի, պահանջել Ադրբեջանից հարգել հրադադարի ռեժիմը և ստիպել նրան ընդունել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն՝ ապրելու իրենց պապենական հողերում:




Լրահոս