Սերժ Սարգսյանն ինքը վստահ է իր թիմի վրա. Սուքիաս Ավետիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 27-ին Սերժ Սարգսյանի անակնկալ հանդիպումը ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ տարբեր խոսակցությունների տեղիք տվեց: Քանի որ նման ձեւաչափով հանդիպումները ավանդական բնույթ չեն կրում, բացի այդ՝ հանդիպումը հաջորդեց «Հրազդան ցեմենտի» նախագծի տապալմանը, և տեղեկություններ շրջանառվեցին, թե Սերժ Սարգսյանն այդ հանդիպման ընթացքում իր վրդովմունքն է հայտնել ՀՀԿ-ական պատգամավորներին՝ նրանց խստորեն զգուշացնելով, որ այլեւս նման պահվածքը չի ներվելու:

«Ժողովուրդ»-ը երեկ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանից փորձեց պարզել, թե ինչն է եղել Ս. Սարգսյանի վրդովմունքի հիմնական պատճառը:

-Պարո՛ն Ավետիսյան, ապրիլի 27-ին Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ եւ այդ փակ հանդիպման ընթացքում, ըստ տարբեր աղբյուրներից ստացված տեղեկությունների, իր վրդովմունքը հայտնել պատգամավորներին՝ «Հրազդան ցեմենտ»-ի նախագծի քվեարկությունը տապալելու, եւ, առհսարակ, վատ աշխատելու կպակցությամբ: Ըստ Ձեզ՝ արդարացված է Ս. Սարգսյանի վրդովմունքը:

-Կոնկրետ «Հրազդան ցեմենտի» քվեարկության հետ կապված որեւէ բան չի եղել: Ընդհանուր մեր աշխատանքների հետ կապված խորհրդակցություն է եղել: Եւ բնական է, որ կուսակցության նախագահը նաեւ իր որոշակի կարծիքներն է հայտնել, մեր աշխատանքների հետ կապված արել է իր դիտարկումները, այնպես որ սա շատ նորմալ եւ բնական բան է:

-Տեղեկություններ կան, որ նիստի ժամանակ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ասել է, թե ԲՀԿ-ն անակնկալ է մատուցել եւ չի մասնակցել քվեարկությանը: Սերժ Սարգսյանն էլ նշել է, որ կպատժի նրանց: Ի՞նչ պատժի մասին է խոսքը:

-Նման բան ես չգիտեմ, համենայն դեպս, մեզ չի հետաքրքրում, թե ուրիշ քաղաքական ուժերը ինչ են անում, ինչ են մտածում, ինչ ձեւով են իրենց պահում: Մենք մեր խնդիրներն ունենք, մենք մեր աշխատանքներով ենք զբաղվում: Ինչ-որ ասեցի, սա է, նիստի մասին ուրիշ ինֆորմացիայից տեղյակ չեմ:

-Պարո՛ն Ավետիսյան, մեկնաբանություններ կան, որ Սերժ Սարգսյանը վախեցել է, թե հետագայում ավելի լուրջ խնդիրներ կառաջանան կուսակցության ներսում, այդ պատճառով փորձել է շուտափույթ կանխել անցանկալի միտումները: Այդպե՞ս է:

-Ես չգիտեմ՝ ինչ մտավախության մասին է խոսքը: Սերժ Սարգսյանն ինքը վստահ է իր թիմի վրա, երբեւիցե մտավախություն չի ունեցել իր թիմի հետ կապված: Հետաքրքիր բան է, բա կուսակցության նախագահը չհանդիպի՞ իր թիմի հետ, ինչու են բոլորը այդպես խառնվել իրար: Ես դա սովորական, նորմալ բան եմ համարում ու շատ ճիշտ:

Արփինե Թովմասյան




Լրահոս