
Ինքնասպանությունների «շքերթը» հասել է նաեւ ՀՀ պետական կառույցներ, եւ արդեն այդ քայլին են դիմում չինովնիկները: Երեկ Երեւանում ինքնասպան է եղել ՀՀ բնապահպանության նախարարության 22-ամյա աշխատակից Հայկ Հայրապետյանը, ընդ որում նա այդ քայլին է դիմել հենց աշխատավայրում հենց աշխատանքային ժամին: Հայկը բարձրացել է ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքի 6-րդ հարկ, որտեղ գտնվում է ՀՀ ԿԳ նախարարությունը (բնապահպանության նախարարությունը գտնվում է նույն մասնաշենքի 5-րդ հարկում) եւ պատուհանից ցած նետվել: Թե որն է այս սկանդալային դեպքի պատճառը, Հայկին ճանաչողները երեկ դժվարանում էին նշել: Նախարարության աշխատակիցների խոսքով՝ Հայկն այդ օրը նորմալ տրամադրություն է ունեցել, եւ ընդհանրապես, նա «խելոք, համերաշխ» անձնավորություն է եղել: Կա վարկած, որ Հայկն այդ քայլին է դիմել ինչ-որ աղջկա պատճառով, ավելին, դեպքից առաջ հեռախոսով զրուցել է մի աղջկա հետ: Ըստ շրջանառվող լուրերի՝ Հ. Հայրապետյանը ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի ազգականն է: