
ԱՄՆ-ի ՊՆ-ն հայտարարել է, որ Բալթիկ ծովում ռուսական Սու-27-ի մանևրը կարող է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունների էսկալացիայի հանգեցնել: Այս մասին, ինչպես հայտնում է «Ինտերֆաքս»-ը, հայտարարել է ամերիկյան ռազմական գերատեսչության ներկայացուցիչ Բիլ Ուրբանը:
Նրա խոսքով՝ տեղի ունեցածը «վտանգավոր և ոչ պրոֆեսիոնալ» է:
Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 29-ին: Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը թռիչք է իրականացրել միջազգային օդային տարածքում: Նրան է մոտեցել ռուսական Սու-27-ը, որը բարձրագույն պիլոտաժի «տակառի պտույտ» է կատարել:
Պենտագոնի ներկայացուցչի խոսքով՝ նման դեպքերը վերջին մեկ տարում բավականին հաճախ են տեղի ունենում:
Իր հերթին, Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել է, որ ռուսական ինքնաթիռների թռիչքներն իրականացվում են «օդային տարածքի կիրառման միջազգային իրավունքներին համապատասխան»: