Նույնիսկ պաշտոնական թվերն են գուժում. արտագաղթը շարունակվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով պետական բյուջեի եկամուտներն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընդհանուր նվազել են 1,3 տոկոսով, որը գումարային արտահայտությամբ կազմել է 3 միլիարդ 100 միլիոն դրամ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած պաշտոնական տվյալներից:

Ի դեպ, հարկեր եւ տուրքերի մասով պետական բյուջեի մուտքերն այս տարվա առաջին եռամսյակում անցած տարվա համեմատ նվազել են 1 միլիարդ 409 միլիոն դրամով: Բյուջետային մուտքերի մնացած անկումը բաժին է հասնում «այլ եկամուտներին»: Ի դեպ, ուշագրավ է, որ հարկային մուտքերից հատկապես նվազել է ավելացված արժեքի հարկի գծով մուտքերը, անկումը կազմել է մոտ 10 միլիարդ դրամ: Այս փաստն առնվազն տարօրինակ է, քանի որ ԱԱՀ-ն տնտեսության վիճակը բնորոշող հիմնական հարկատեսակն է: Եթե, ինչպես պաշտոնական վիճակագրությամբ նշված է, անցած եռամսյակում Հայաստանի տնտեսության աճը կազմել է 5,5 տոկոս, ապա ինչպես է ստացվել, որ ԱԱՀ-ից մուտքերը նվազել են:

Այս հակասությունը, մեղմ ասած, տրամաբանական չէ: Հարկերի հավաքագրման հետ կապված եւս մեկ ուշագրավ տվյալ կա` բնական պաշարների օգտագործման եւ շրջակա միջավայրի պահպանման համար վճարները նվազել են 35 տոկոսով: Մեր տեղեկություններով՝ այս նվազման պատճառն այն է, որ տարեսկզբից քարի եւ ավազի հանքավայրերը շահագործող ընկերությունների շուրջ 30 տոկոսը պատկան մարմիններին իրազեկել է իր գործունեությունը դադարեցնելու մասին: Իհարկե, ստեղծված իրավիճակում կարելի է այդ հանքերի շահագործման իրավունքը նախկին տերերից վերցնել: Սակայն ոլորտի մասնագետները փաստում են, որ եթե նման քայլի գնան էլ, ապա այդ հանքերն ընդհանրապես անտեր կմնան, քանի որ համոզված են, որ հնարավոր չի լինի նոր շահագործողներ գտնել: Իսկ իրենց գործունեությունը դադարեցրած շահագործողները հանքերում մեկ կամ երկու պահակ պահելով՝ գոնե կապահովեն, որ հանքերից մասսայական թալան չսկսվի:

Ինչեւէ, պետբյուջեի եկամուտների անկման պայմաններում ծախսային մասը անցած տարվա համեմատ աճել է 5,3 տոկոսով: Անցած տարվա առաջին եռամսյակում պետբյուջեի ծախսերը կազմել էին 261 միլիարդ 654 մլն դրամ, այս տարի այդ ցուցանիշը հասել է 275 միլիարդ 397 մլն դրամի: Ի դեպ, ծախսերից մոտ 8 միլիարդ դրամով ավելացել է տոկոսավճարների թիվը, որոնք միայն առաջին եռամսյակում կազմել են 28 միլիարդ 69 մլն դրամ, կամ նույնն է, թե 58,5 մլն դոլար: Այսինքն՝ պետբյուջեի ծախսերի ավելի քան 10 տոկոսը հատկացվում է տոկոսավճարներին:

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ գործազրկության պաշտոնական միջին մակարդակը 2015 թվականին կազմել է 18,5 տոկոս, այսինքն՝ նախորդ` 2014 թվականի համեմատ մեկ տոկոսով ավել: Ի դեպ, գործազրկության վերաբերյալ պաշտոնական վիճակագրության ուշագրավ տվյալներ կան: Մասնավորապես, պարզվում է՝ 2015-ին նախորդ տարվա համեմատ զբաղվածների, այսինքն՝ աշխատանք ունեցողների թիվը նվազել է մոտ 61 հազարով: Սակայն գործազուրկների թիվն ավելացել է ընդամենը 1 հազար 600-ով: Այսպիսի աճպարարություն միայն Հայաստանի պաշտոնական վիճակագրությունում կարելի է հանդիպել:

Նկատենք նաեւ, որ Հայաստանում այս տարվա սկզբի դրությամբ կենսաթոշակառուների թիվը կազմում է 463 հազար 471 մարդ: Մյուս կողմից՝ աշխատանք ունեցողների թիվը կազմում է 1 միլիոն 72 հազար մարդ: Ստացվում է, որ յուրաքանչյուր կենսաթոշակառուին բաժին է հասնում միջինը ընդամենը երկուսից մի փոքր ավել աշխատող: Նշենք նաեւ, որ կենսաթոշակառուների թիվը 2015-ին մոտ 1 հազարով ավելացել է 2014 թվականի համեմատ: Եթե նույն դինամիկան շարունակվի, այսինքն՝ աշխատողների թիվը նվազի, իսկ կենսաթոշակառուներինը ավելանա, ապա թոշակների վճարման գործընթացը տարեցտարի կդժվարանա: Մյուս կողմից էլ Հայաստանից արտագաղթը եւս շարունակվում է: Այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով Հայաստանից մեկնած եւ չվերադարձած քաղաքացիների թիվը կազմել է 16 հազար 588 մարդ: Եթե ամեն մի եռամսյակում միջին հաշվով նույն ցուցանիշը պահպանվի, ապա տարեվերջին արտագաղթի թիվը կլինի գրեթե նույնքան, որքան 2015-ին` մոտ 47 հազար ՀՀ քաղաքացի:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս