«ՍԹԱՐ»-Ը «ՍՈՒՐԻԿԻ ԼԱՎԱՇ»-ԻՆ 19 ՄԼՆ Է ՊԱՐՏՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս 2012թ. փետրվարին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ «Սթար» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Գեւորգ Աֆանդյանը կուտակած պարտքերի պատճառով վաճառում է ընկերությունը: Այն ժամանակ, սակայն, ընկերությունը փորձում էր ամեն կերպ թաքցնել իրողությունը` հերքելով դա: Այսօր արդեն հաստատվել է, որ «Սթար»-ը սնանկ է ճանաչվել: Ավելին, բազմաթիվ ձեռներեցներ հայտնվել են անելանելի վիճակում, քանի որ ընկերությունն այս ընթացքում միլիարդների պարտք է կուտակել:
«Սթար»-ի սեփականատեր «Սթար դիվայդ» ընկերությունը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հուլիսի 29-ի վճռով սնանկ է ճանաչվել: Հիշեցնենք, որ նման հայցով դատարան էր դիմել «Պեռնո Ռիկար Արմենիա» ընկերությունը, որին «Սթար»-ի պարտքը կազմում է 71 մլն 845 հազար դրամ:
Սակայն դեռ պարզ չէ, թե ընկերությունն ինչ այլ պարտքեր ունի, քանի որ պարտատերերը  իրենց պարտքի չափը դեռեւս չեն ներկայացրել «Սթար»-ին: Ըստ հավաստի լուրերի՝ «Սթար»-ը պարտքեր ունի տասնյակ անհատ ձեռներեցների, ինչպես նաեւ` «Չանախ» կաթնամթերքի ընկերությանը, «Գետնատուն» ՍՊԸ-ին, «Երեւանի գարեջուր» ՓԲԸ-ին, «Սայմե» ՍՊԸ-ն, «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ին:
«Հացագործ Անդրանիկ» («Սուրիկի լավաշ») ընկերությանը եւս «Սթար»-ը պարտք է:  Պարտքերը կուտակվել են դեռեւս 2011 թվականից: Ընկերությունը պարբերաբար լավաշ է մատակարարել սուպերմարկետների ցանցին, բայց վերջիններս գումարն ամեն անգամ վճարել են ոչ ամբողջական: Երեկ ընկերության սեփականատեր Սուրիկ Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ «Սթար»-ն իրենց մոտավորապես 19 միլիոն դրամ է պարտք. «Մեր հաշվապահը վաղը (այսօր-Ս. Գ.) գնալու է իրենց հիմնարկություն, վաղը կոնկրետ կարող եմ ասել, թե ինչպես է հարցը լուծվելու: «Սթար»-ը մեզ 19 միլիոն է պարտք, բայց դա հստակ չէ, քանի որ հիմա ճշտում ենք: Դեռ պարզ չէ»:
Մեր դիտարկմանը, թե «Սթար»-ն իրեն սնանկ է ճանաչել ու չի կարող վերադարձնել պարտքերը, Ս. Հակոբյանն ասաց, թե ինքը որեւէ տեղեկություն չունի այդ առումով. «Ես չգիտեմ՝ սնանկ ճանաչել են, թե ոչ, հաշվապահը կպարզի ամեն ինչ, ինչքան գիտեմ՝ դեռ աշխատում են»: Փաստ է, որ այս ընկերությունն արդեն իրականում գոյություն չունի, ու արդեն ընկերության սեփականատերերն են հաստատում, որ իրենք ի վիճակի չեն վճարել ձեռնարկատերերի պարտքերը:
Մեզ չհաջողվեց այս առումով մեկնաբանություն ստանալ «Սթար» ընկերությունից, քանի որ նրանց մարքեթինգի բաժնի աշխատակիցները, որոնք պատասխանատու էին լրատվամիջոցների հետ կապերի համար, «Ժողովուրդ»-ի թղթակցի հետ զրույցում ասացին, որ ընկերության սնանկանալուց հետո իրենք այլեւս չեն աշխատում այնտեղ: Ասել է թե՝ այդ բաժինն էլ՝ որպես այդպիսին, գոյություն չունի:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս