ՌԴ-ն բարձրացված աղմուկից հետո երեկ չեղյալ է հայտարարել Ուկրաինայից ներկրվող ապրանքների համար ռուս-ուկրաինական սահմանին մաքսային ռեժիմի խստացման վերաբերյալ օգոստոսի 14-ին կայացրած որոշումը: Սակայն ՌԴ այս որոշումը դեռեւս վերջնական չէ, եւ շատ հնարավոր է, որ առաջիկայում ՌԴ-ն կրկին դիմի նույն քայլին: Ամեն ինչ կախված է նրանից՝ Ուկրաինան կստորագրի արդյոք ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, թե ոչ:
Ակնհայտ է, որ ռուս-ուկրաինական սահմանին մաքսային ռեժիմի խստացման վերաբերյալ պաշտոնական Մոսկվայի քայլն իրականում պայմանավորված էր ոչ թե տնտեսական նկատառումներով, այլ քաղաքական ենթատեքստ ուներ: Այսպես ՌԴ-ն, ըստ էության, ատամ է ցույց տալիս եվրաինտեգրման ճանապարհ բռնած Ուկրաինային: Ընդ որում, այդ փաստը չեն հերքում նաեւ ռուս պաշտոնյաները: Ինչպես հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազեւը, Ուկրաինայի հետ մաքսային ռեժիմը կարող է խստացվել, եթե Կիեւը ԵՄ-ի հետ համաձայնագիր կնքի:
Իսկ համաձայնագրի կնքումը սպասվում է առաջիկայում: Նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Եվրամիության Արեւելյան գործընկերության անդամ երկրների գագաթնաժողովում Ուկրաինան պետք է ստորագրի ասոցացման համաձայնագիրն ու Ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին պայմանագիրը: Մի հանգամանք, որը զայրացրել է ռուսական իշխանություններին: Ավելին, ՌԴ-ն ցանկանում է հետխորհրդային այդ երկրին տեսնել հենց իր քաղաքական ուղեգծում` Մաքսային միասնական միության կազմում: Այս համատեքստում պատահական չէ Մոսկվայի տնտեսագիտության բարձրագույն դպրոցի պրոֆեսոր Ալեքսանդր Պորտանսկու՝ «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում արած հայտարարությունը, թե առանց Ուկրաինայի մասնակցության Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությունն էապես կտուժի. «Ուկրաինայի անդամակցությունը խիստ կարեւոր է, եւ Մոսկվայում դա շատ լավ են հասկանում»: Ի դեպ, եւս մեկ կարեւոր հանգամանք. Ուկրաինայի դեմ ճնշումները նոր չէ, որ սկսվել են. մեկ ամիս առաջ եւս ՌԴ-ն նման մեկ այլ քայլի էր դիմել. այն ժամանակ էլ Ռուսաստանն արգելել էր ուկրաինական «Ռոշեն» ընկերության շոկոլադի ներկրումը դրանում հայտնաբերված խախտումների պատճառով:
ԿՈՒԼԱ՛, ԴՈ՛Ւ ԼՍԻՐ
Ուկրաինայի դեմ կատարված այս քայլը, սակայն, ուղղված չէր միայն այդ երկրին: Այսպես ՌԴ-ն, ըստ էության, «մեսիջներ է հղում» հետխորհրդային այն երկրներին, որոնք փորձում են դուրս գալ իր ուղեծրից: Բանն այն է, որ Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ նախատեսված է, որ Հայաստանը, Վրաստանն ու Մոլդովան եւս պետք է նախաստորագրեն ԵՄ ասոցացման համաձայնագիրը: Ասել է թե՝ այս երկրները եւս գոնե պաշտոնապես բռնելու են եվրաինտեգրացիայի ճանապարհը: Ու հիմա Մոսկվան փորձում է նման քայլերով ոչ միայն հետ պահել համաձայնագրի նախաստորագրումից, այլեւ հատկապես Հայաստանին դարձնել իր նախաձեռնած Մաքսային միասնական միության անդամ: Ի դեպ, եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ ՌԴ-ն անօրինական միգրացիայի դեմ պայքարի համատեքստում սկսել է հետ վերադարձնել նաեւ ՀՀ քաղաքացիներին, ապա չի բացառվում, որ այդ երկրի հաջորդ քայլը կարող է լինել ռուս-վրացական սահմանին վրացական ու հայկական ապրանքատեսակների համար մաքսային ռեժիմի խստացումը: Մանավանդ որ, ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Հայաստանի դեպքում ՌԴ-ն թիվ մեկ առեւտրային գործընկերն է:
Եվս մեկ կարեւոր հանգամանք. Հարավային Կովկասի երկրներից Ադրբեջանը չկա եվրաինտեգրման ճանապարհ բռնած պետությունների կազմում: Իսկ Պուտինի` Բաքու կատարած այցի ժամանակ քննարկվել են տնտեսական ու քաղաքական համագործակցության վերաբերյալ հարցեր, ստորագրվել կարեւորագույն փաստաթղթեր: Ասել է թե՝ Ադրբեջանի հետ իր հարցերը լուծելուց հետո ՌԴ-ն հազիվ թե թույլ տա Հայաստանին գնալ դեպի եվրաինտեգրացիա: Լավագույն դեպքում ՌԴ-ն կարող է աչք փակել ԵՄ ասոցացման համաձայնագրի նախաստորագրման փաստի վրա` մինչ այդ Սերժ Սարգսյանից հստակ երաշխիքներ ստանալով, որ եվրաինտեգրացիայի թեման այդքանով կավարտվի, որ նա պարզապես կձգձգի այս գործընթացը, եւ համաձայնագիրը կմնա թղթի վրա՝ նախաստորագրված վիճակով: Ճիշտ այնպես, ինչպես հայ-թուրքական արձանագրությունները:
«Ժողովուրդ»-ն այս թեմայով զրուցեց նաեւ ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ: Վերջինս երեկ պնդեց, թե ՌԴ-ն ՀՀ-ի նկատմամբ տնտեսական խոչընդոտներ չի ստեղծի. «Այդ մասին չարժի խոսել: ՌԴ-ն մեր ռազմավարական գործընկերն է, բացի դրանից, մենք բավական ներկայություն ունենք ՌԴ-ում` որպես ՌԴ քաղաքացիներ»: