Զինծառայողների բուժման, հանգստի ծառայությունների համար նախատեսված գումարն իրականում նպատակային չի ծախսվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2013 թվականի հունիսին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը աշխատանքային այցով գտնվում էր Տավուշի մարզի սահմանամերձ Նոյեմբերյանի տարածաշրջանում: Աշխատանքային այցի ավարտին նախարարին հարց տվեցինք պայմանագրային զինծառայողների, հատկապես առաջնագծում ծառայողների աշխատավարձերի բարձրացման անհրաժեշտության մասին:

Սեյրան Օհանյանն ասաց, որ զինծառայողների սոցիալական պայմանների բարելավման ծրագիր կա, որն աստիճանաբար կյանքի է կոչվում. «Զինծառայողները, պետական աշխատողների նման, օգտվում են բժշկական ծառայությունների եւ հանգստի համար տրվող սոցիալական փաթեթից: Յուրաքանչյուր զինծառայող տարեկան կարող է օգտվել 72 հազար դրամի սոցիալական ծառայություններից»: Սակայն զինծառայողների մեծամասնությունը չի օգտվում այդ ծառայություններից, այլ դրանց կոչված կազմակերպությունների միջոցով կանխիկացնում է նշված գումարը: Վերոհիշյալ ծառայությունների համար գումարները փոխանցվում են «Արդշինբանկ»-ի եւ «ՎՏԲ բանկի» միջոցով: Արդեն 3-4 տարի զինծառայողների սոցփաթեթի գումարները կանխիկացվում են: Եթե սկզբում այդ ծառայությունները մատուցող կազմակերպությունները թվով շուրջ 10-ն էին, ապա այժմ դրանց թիվն աճել է:

Այդ կազմակերպությունների սեփականատերերի մեջ կան պաշտպանության նախարարության ղեկավարների հետ կապեր ունեցող անձինք:
Զինծառայողները «Ժողովուրդ»-ի թղթակցիս հայտնեցին, որ սոցփաթեթի գումարի կանխիկացումից հետո իրենք 72 հազար դրամից ստանում են մոտ 40 հազարը, մնացածը մնում է ծառայություններ մատուցելու կոչված կազմակերպություններին: Մի քանի ամիս առաջ այդ գումարի բաշխման համամասնությունն ավելի վատ էր զինծառայողների համար. գումարի մեծ մասը բաժին էր հասնում նշված կազմակերպություններին:

Միթե ՀՀ պաշտպանության նախարարության տեսչությունը տեղյակ չէ, որ զինծառայողների բուժման, հանգստի ծառայությունների համար նախատեսված գումարը իրականում նպատակային չի ծախսվում, դրա զգալի մասը տրվում է կազմակերպություների, որոնք փաստացի չեն մատուցում սոցիալական այդ ծառայությունները, միայն հաշվապահական փաստաթղթեր են լրացնում եւ օդից փող աշխատում: Նշենք, որ 72 հազար դրամի սոցիալական ծառայությունների փաթեթը գործում է պետական այլ աշխատողների, օրինակ՝ ուսուցիչների համար, եւ կոռուպցիոն նշված մեխանիզմները այդ համակարգում եւս գործում են:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս