«Ժողովուրդ»-ը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցից տեղեկացավ, որ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը տարիներ շարունակ մի շարք լուրջ թերացումներ է թույլ տվել:
Մասնավորապես՝ ՀՀ ԷԲՆ-ն 2011-2015 թվականների ընթացքում Թուխմանուկի ոսկու հանքավայրի հանքարդյունահանման համալիրում չի իրականացրել ստուգումներ՝ հնարավոր խախտումների բացահայտման եւ դրանք հետագայում կանխարգելելու նպատակով:
Նշենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` իր գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումն արտացոլում է 2015 թվականին արձանագրված եւ դեռեւս լուծում չստացած խնդիրները: Ըստ այդ զեկույցի՝ 2011 թվականից ի վեր ՀՀ Արագածոտնի մարզի Թուխմանուկի ոսկու հանքավայրի հանքարդյունահանման համալիրում էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության կողմից չեն իրականացվել անհրաժեշտ պարբերականությամբ ստուգումներ:
Նկատենք, որ ոլորտի մի շարք փորձագետներ բացասական եզրակացություն են տվել «ՄԵԳՈ Գոլդ Մայինինգ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Թուխմանուկի ոսկու հանքավայրի հանքարդյունահանման համալիրի հարստացուցիչ ֆաբրիկայի վերազինման, պոչամբարի պաշտպանիչ պատնեշի եւ պոչանքների ժամանակավոր չոր պահեստարանի նախագծի լրակազմ հայտի վերաբերյալ: Բնապահպանների պնդմամբ՝ Թուխմանուկի հանքավայրում հանքարդյունաբերական աշխատանքներն իրականացվում են նախատեսվածից ավելի մեծ տարածքներում: Մինչդեռ ԷԲՆ-ն պարտավոր է իրականացնել ընդերքի օգտագործման եւ պահպանության բնագավառում պետական վերահսկողություն:
ԸՍՏ ՄԻՊ-ի տարեկան զեկույցի՝ նշված նախարարության խնդիրներից է ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման սահմանված պահանջների ապահովումը, ընդերքի ողջամիտ եւ համալիր օգտագործմանը նպաստելը, ընդերքի օգտագործման եւ պահպանության բնագավառում պետական վերահսկողության ապահովումը, ընդերքի մասին երկրաբանական եւ այլ տեղեկատվության պետական ընդերքաբանական փորձաքննության ապահովումը:
Սակայն, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը Թուխմանուկի ոսկու հանքավայրը շահագործող «ՄԵԳՈ Գոլդ Մայինինգ» ՍՊ ընկերությունում վերջին անգամ ստուգում է իրականացրել 2010 թվականին, որի ընթացքում տարածքների խախտման վերաբերյալ թերություններ չեն արձանագրվել: Չնայած որ փորձագետների պնդմամբ՝ վերոնշյալ ընկերությունը դեռեւս 2010-2011 թվականների ընթացքում արդյունահանել է եւ ՀՀ ընդերքի պաշարների պետական հաշվեկշռից մարել է պաշարներ, որոնք այդ հաշվեկշռում գրանցված չեն եւ, որոնց արդյունահանման համար համապատասխան պայմանագիր ընկերությունը չի ունեցել:
Ըստ ՄԻՊ զեկույցի՝ սա կարող է պատճառաբանվել այն հանգամանքով, որ իրականում տեղի է ունեցել հանքաքարի աղքատացում, այլ ոչ թե հանքային մարմնի շահագործում: Եւ չնայած սրան, միեւնույն է՝ խախտվում են պայմանագրային պարտավորությունները: Հիշեցնենք, որ 2007-ից 2014 թվականներին էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար է եղել Արմեն Մովսիսյանը, իսկ 2014-ից մինչեւ 2016 թվականը այդ պաշտոնը զբաղեցրել է Երվանդ զախարյանը: Ասել է, թե երկու նախարարներն էլ պետական վերահսկողություն չեն իրականացրել «Մեգո Գոլդ» ընկերությունում:
«Ժողովուրդ»-ը ՀՀ բնապահպանության նախարարությունից տեղեկացավ, որ ԲՆ-ն բացասական եզրակացություն է տվել «Մեգո Գոլդ» ընկերության կողմից ներկայացված Թուխմանուկի ոսկու հանքավայրի փոփոխված աշխատանքային նախագծին՝ հիմք ընդունելով փորձաքննության հիմնավորումները:
Բանն այն է, որ հանքավայրը չունի սահմանային թույլատրելի արտանետումների նորմերի չափաքանակներ, իսկ գործունեության ընթացքում գոյացող թափոնները չեն հաշվառվել, չեն նորմավորվել, ինչպես նաեւ՝ լիարժեք չեն իրականացվել ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ եւ 17-րդ կետերի պահանջները:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել նաեւ էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարար Երվանդ Զախարյանի հետ (վերջինիս պաշտոնավարման տարիներին արձանագրվել են այդ բացթողումները), սակայն նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ