Երեկ սկանդալային դեպք է տեղի ունեցել մայրաքաղաքում: Ինքնասպան է եղել ՀՀ բնապահպանության նախարարության 22-ամյա աշխատակից Հայկ Հայրապետյանը, ընդ որում նա այդ քայլին է դիմել հենց աշխատանքային ժամին հենց աշխատավայրում՝ կառավարության շենքում:
Նշենք, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը գտնվում է կառավարության 3-րդ մասնաշենքի 5-րդ հարկում: Սակայն երիտասարդն իր կյանքին վերջ է տվել՝ բարձրանալով կրթության եւ գիտության նախարարություն, որը գտնվում է նույն մասնաշենքի 6-րդ հարկում: Այստեղ էլ նա պատշգամբից ցած է նետվել ու տեղում մահացել:
Ինքնասպան եղած երիտասարդը սովորել է ԵՊՀ-ում, ժամկետային զինծառայությունից հետո աշխատանքի անցել ՀՀ բնապահպանության նախարարության ներքին աուդիտի բաժնում՝ աշխատելով շուրջ մեկ տարի:
Տեղի ունեցածը ցնցել էր նախարարության աշխատակիցներին: Նախարարության բակում հավաքված Հայկի գործընկերները պատմում էին, որ նա աշխատանքի ներկայացել է շատ բարձր տրամադրությամբ, եւ իրենք որեւէ արտասովոր բան չեն նկատել նրա մոտ: Բնապահպանության նախարարի մամլո խոսնակ Հայկ Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ երիտասարդը հարգված աշխատակից է եղել: «Իր գործը խելոք արել է, համերաշխ անձնավորություն է եղել ու որեւէ վատ վարք չի դրսեւորել»,-ասաց Հ. Հակոբյանը՝ հավելելով, որ տղան որեւէ կուսակցության ադամ չի եղել:
Թե ինչն է ինքնասպանության պատճառը, Հայկի գործընկերները երեկ դժվարանում էին նշել: Սակայն նրանք մեկ ուշագրավ փաստ հայտնեցին. դեպքից առաջ նա հեռախոսով զրուցել է, այնուհետեւ աշխատասենյակից դուրս եկել: Թե ում հետ է խոսել, նախարարության աշխատակիցները չգիտեին:
«Ժողովուրդ»-ին հաջողվեց իր լավատեղյակ աղբյուրներից ճշտել, որ Հայկը վերջին անգամ հեռախոսազրույց է ունեցել մի աղջկա հետ: Թե ով է այդ աղջիկը, մեր աղբյուրները չնշեցին: Ուստի չի բացառվում, որ դեպքը տեղի է ունեցել սիրային հողի վրա:
Երեկ պարզեցինք, որ Հայկն ապրում է Կոտայքի մարզի Արզական գյուղում: Այս համայնքի ղեկավար Նորիկ Մովսիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց. «Շատ լավ ընտանիքի երեխա էր, ուներ մեկ եղբայր: Մայրը դպրոցում ուսուցչուհի է աշխատում, իսկ հայրն էլ` Եփրեմը, վարորդ էր: Ընտանիքը գտնվում է սոցիալապես լավ վիճակում»:
Գյուղապետի, ինչպես նաեւ ողջ համայնքի համար անհասկանալի էր, թե ինչու է Հայկը գնացել այդ քայլին. «Նա ոչ մի առողջական խնդիր չուներ կամ էլ ասում են՝ աղջկա հետ է խոսել ու գնացել է այդ քայլին, բայց ինչպե՞ս կարող դա լինել: Աղջկա հետ խոսես ու ինքնասպա՞ն լինես, տենց ո՞նց կլինի»:
Ի դեպ, ըստ շրջանառվող լուրերի՝ Հայկ Հայրապետյանը ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի ազգականն է: Այս փաստը երեկ հաստատեց նաեւ գյուղապետ Ն. Մովսիսյանը. «Ասում են՝ ազգականներ են, ինչ-որ բարեկամական կապ կա, բայց թե ինչ բարեկամներ են, չգիտեմ»:
ՆԱԽԱՐԱՐԻ ԲԱՐԵԿԱՄՆ ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ