Հանրահայտ «Ֆորբս» պարբերականը ծավալուն հոդվածով անդրադարձել է Հայաստանում անցկացված «Ավրորա» մրցանակաբաշխությանը, հոլիվուդյան աշխարահռչակ դերասան Ջորջ Քլունիի՝ Հայաստան կատարած այցին և Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հոդվածագիր Բրայան Ռաշիդը պատմում է, որ մի անգամ ականատես է եղել, թե ինչպես է հարբած տղամարդը փողոցում քաշքշել իր մորը, ինչից հետո ինքը հարվածել է այդ տղամարդու դեմքին:
«Ես դաժան մարդ չեմ, բայց երբ տեսա, որ ինչոր մեկը քաշքշում է մորս, արյունը մեջս եռաց: Ֆլորիդայի այդ գարնանային գիշերն ինձ համար առաջին փորձությունն էր, երբ ես հասկացա, թե ինչ է զգում մարդը, երբ բռնություն են գործադրում իր սիրելի մարդու նկատմամբ: 101 տարի առաջ 1.5 միլիոն հայեր են սպանվել: Ի տարբերություն փոքր քերծվածքի, որ իմ մայրը ստացել էր ձեռքին այդ հարբած մարդու հարձակման հետևանքով, հայ որդիները տեսել են, թե ինչպես են իրենց աչքերի առաջ սպանում իրենց մայրերին, իսկ մայրերը նույն բանը տեսել են իրենց որդիների հանդեպ:
Նույն ցավը զգացել են հայ եղբայրները, քույրերը, տատիկներն ու պապիկները, ընկերները», գրում է հոդվածագիրը,՝ հավելելով, որ 1915թ. կատարվածը հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն է: Նա նշում է, որ այցելել է Հայաստան «տոնելու Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը»՝ ընդգծելով, որ իր խոսքերը կարող են տարօրինակ թվալ և հարց առաջացնել՝ ո՞վ կարող է տոնել ցեղասպանության տարելիցը: Լրագրողը նշում է, որ կարող է դա բացատրել, սակայն մինչ այդ պետք է պատմի Ջորջ Քլունիի պատմությունը և անդրադառնում է հոլիվուդյան աշխարհահռչակ դերասանի՝ Հայաստան կատարած այցին, ով այդ օրերին Երևանում մասնակցել է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:
«Ես միշտ հիացել եմ Ջորջ Քլունիով: Ես մեծացել եմ՝ հետևելով նրա գործունեությանը: Նա իմ ամենասիրած դերասանն է: Բայց ինձ դուր է գալիս նաև այն, որ նա օգտագործել է իր նկատմամբ ուշադրությունը՝ լույս սփռելով խնդիրների վրա, որոնց վրա աշխարհն աչք է փակել», գրում է հոդվածագիրը՝ մեջբերելով Ջորջ Քլունիի խոսքերը. «Երբեմն ես զգում եմ, որ տեսախցիկները խեղդում են ինձ, հետո մտածում՝ ինչո՞ւ մենք չենք կարող այս տեսախցիկներն ուղղել հարցերի վրա, որոնք դուրս են մնում լրատվամիջոցների ուշադրությունից: Հարցերի որոնք ավելի կարևոր են, քան այն, թե ինչ կոստյումով եմ ես քայլում կարմիր գորգի վրայով»:
«Կհարցնեք՝ ի՞նչ կապ ունի այս ամենը Ցեղասպանության տարելիցը «տոնելու» հետ: 2016թ. ապրիլի 24-ին՝ 1.5 միլիոն մարդու կյանք խլած վայրագություններից 101 տարի անց, Երևանում տեղի ունեցավ մարդկային զարթոնքի «Ավրորա» մրցանակաբաշխությունը: Հայոց ցեղասպանության վերապրածների անունից և ի երախտագիտություն իրենց կյանքը փրկած մարդկանց՝ մարդկության զարթոնքի «Ավրորա» մրցանակն ամեն տարի կշնորհվի այն անձանց, ում գործունեությունն էական ազդեցություն է ունեցել մարդկանց կյանքեր փրկելու հարցում, նրանց, ովքեր առաջնորդվել են մարդասիրական մղումներով: Ընտրող հանձնաժողովը, որի կազմում է նաև Ջորջ Քլունին, բաղկացած է 9 հոգուց, որոնք ներկայացնում են գործունեության տարբեր ոլորտներ:
Նրանցից միայն մեկն է հայ: Ի տարբերություն մարդասիրական այլ մրցանակների, երբ կազմակերպիչները ընտրում և պարգևատրում են կոնկրետ անձանց, «Ավրորա»-ի դեպքում հանձնաժողովի անդամներից յուրաքանչյուրը կարող է առաջադրել այն անձին, ում արժանի է համարում»,- իր հոդվածում գրել է Բրայան Ռաշիդը: Այնուհետև նա ներկայացրել է «Ավրորա» մրցանակաբաշխության կազմակերպիչներին, մրցանակակի հավակնորդներին և նրանց գործունեությունը և մրցանակաբաշխության ընթացքը՝ հավելելով, որ ապրիլի 24-ին բոլորը Երևանում էին՝ տոնելու մարդկության զարթոնք խորհրդանշող «Ավրորա» մրցանակաբաշխությունը: