Դորտմունդի «Բորուսիայի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Whoscored.com-ի վարկածով ճանաչվել է Բունդեսլիգայի 32-րդ տուրի՝ «Վոլֆսբուրգի» դեմ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:
Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա ֆուտբոլիստը 12 անգամ է ճանաչվել լավագույնը խաղում՝ այդ ցուցանիշով զիջելով միայն ֆրանսիական ՊՍԺ-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին՝ 13:
Հայաստանի հավաքականի ավագը 2004-2005 մրցաշրջանից հետո «Բորուսիայի» առաջին ֆուտբոլիստն է, ում Գերմանիայի առաջնությունում հաջողվում է կատարել 14 գոլային փոխանցում: Բացի այդ, «WhoScored»-ի վարկածով Մխիթարյանը միջին գնահատականով եզրափակում է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստների հնգյակը: Այդ ցուցանիշով նրանից առաջ են անցել միայն Գարեթ Բեյլը, Զլատան Իբրահիմովիչը, Նեյմարը եւ Լիոնել Մեսսին, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն 6-րդն է: