“Հրապարակ”-ի լրագրողը զրուցել է օգոստոսի 20-ին Կառավարության 3-րդ մասնաշենքի 6-րդ հարկի պատշգամբից ցած նետված ու մահացած Հայկ Հայրապետյանի ընկերուհու՝ Լիանայի հետ։ Ներկայացնում ենք հարցուպատասխանը.
-Լրագրող եմ, մի քանի հարց ունեմ։ Ի՞նչ կապ ունեիք Հայկի հետ, ինքնասպանությանը հավատո՞ւմ ես։
-Ես մինչև հիմա չեմ հավատում ու չեմ հասկանում՝ ինչու է նման բան արել։ Ես իրա երկրպագուհին եմ։ Մենք ուզում էինք նշանվել։ Մենք սիրում էինք իրար ու այնքան էինք սիրում իրար, չեմ կարող ասել։ Ինքն ասում էր, որ հրաշք եմ, և ուրախ է, որ ես իրա կողքին եմ։ Ինքն ինձ երկու օր առաջ ծանոթացրեց իրենց գյուղում իր ընտանիքի հետ։
-Դու հիմա Երևանո՞ւմ ես։ Ճի՞շտ է, որ ասում են՝ ընկերուհին է եղել ինքնասպանության պատճառը, կներես կոշտ հարցի համար։
-Ես հիմա Փարիզում եմ արդեն։ Հաստատ պատճառը ես չեմ եղել, քանի որ մենք իրար շատ էինք սիրում, ու մի օր առաջ խոստացել ա, որ իմ ձեռքն ուզի։ Ինքը գործում ինչ-որ մեկի հետ… գործնական հարցով… բայց էդ մենք հլը պարզ չգիտենք ու հլը կիմանանք՝ ում հետ ա վիճել։
-Պատճառ կա՞ր ինքնասպանության, գուցե սպանությո՞ւն էր։ Դու Երևանո՞ւմ էիր։
-Ես չգիտեմ, շատ կուզենայի իմանալ, չի տեղավորվում իմ մեջ։ Ես իրա տանն էի մնում՝ ընկերուհուս ու իրա մոտ ընկերոջ հետ։ Առավոտ հելավ, հաց դրեց, հագնվեց ու եկավ ինձ գրկեց։ Ես իրան հարցրի՝ ե՞րբ ես գալու, ասաց՝ պերերիվին։ Ինքն ինձ ժամը 9-ն անց 47 զանգեց, հարցրեց՝ ամեն ինչ նորմա՞լ ա, տենց մի 6 րոպե խոսացինք։ Ասաց, որ իրա մամայի հետ խոսել ա, ու որ պրոբլեմ չկա իրա հետ մեր միանալուն։ Ու մի քանի քաղցր խոսքեր ասաց՝ պերերիվին կգամ։ Ժամը 12-ին զանգեցի, ու համարը չէր պատասխանում՝ մեկ զբաղված էր, մեկ զանգ ա գնում, պատասխանող չկա, ու տենց սկսեցի պանիկայի մեջ ընկնել։ Ես ուրբաթ եմ վերադարձել Ֆրանսիա, էսօր էլ գնում եմ իմ քաղաք՝ Տուլուզ։
-Ի՞նչ կուզեիր ասել, որ կօգնի գործի բացահայտմանը։
-Ես ինչ որ գիտեմ՝ էդ եմ ասում, ես չեմ հասկանում ու հավատում իրա քայլին, քանի որ նպատակներ ուներ գործով ու անձնականով։ Ասում են, որ էդ բալկոնն էլ էնքան բարձր էր, որ երկու մարդ էին պետք, որ իրան գցեին, դրա համար չեմ հասկանում ես, չեմ կարողանում հարմարվել, որ ինքն ինքնասպան ա եղել, որ երեք ժամ առաջ ինձ ուժեղ գրկել էր, ո՞նց կարա տենց բան լինի, չգիտեմ, մի ամսից կպարզվի երևի, անկետա են անում հիմա։
-Շնորհակալություն, Լիանա ջան, քեզ համբերություն ու կամք, եթե ինչ-որ բան ուզենաս ասել՝ գրի։
-Ինքն ինձ համար ամենայուրահատուկ մարդն էր, ես այնպես սիրում էի իրան… Շատ ափսոս, շատ, շատ, շատ ափսոս։ Ես քեզ տեղյակ կպահեմ։ Շնորհակալություն։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: