Լուրջ հարված Ադրբեջանի տնտեսությանը. այդ երկրից Եվրոպա գազի մատակարարումն այլևս ապագա չունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայի հայկական միությունների ֆորումը (ԵՀՄՖ) հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Ապրիլի 26-ին և 27-ին Բրատիսլավայում անցկացվեց սիմպոզիում նվիրված Սլովակիայի գազաֆիկացման 160-ամյակին։ Սլովակիան Եվրոպայի ամենաառաջին երկրներից է, որտեղ սկսվել է գազի արդյունահանում և օգտագործում։ Սիմպոզիումը կազմակերպվել էր Գազի Միջազգային Միության և Սլովակիայի Գազի և Նավթի Ասոցիացիայի համատեղ ջանքերով։ Մասնակցում էին Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ,Էներգետիկայի նախարար Մարոշ Շեֆչովիչը, Գազի Միջազգային Միության նախագահ Դեվիդ Կարոլլը,  «Գազպրոմի»Տնօրենների Խորհրդի նախագահ Վիկտոր Զուբկովը,Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը, տարբեր համաշխարհային խոշորագույն գազային ընկերությունների նախագահներ, նախարարներ և առաջատար մասնագետներ։

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանի նախաձեռնությամբ, մինչ սիմպոզիումի սկսվելը կայացավ հատուկ հանդիպում Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Էներգետիկայի նախարարՄարոշ Շեֆչովիչի և «Գազպրոմի» Տնօրենների Խորհրդի նախագահ Վիկտոր Զուբկովի միջև, որի ընթացքում քննարկվեցին Ռուսաստանի և Եվրոմիության գազի հարցի շուրջ մի շարք կնճռոտ խնդիրներ։ Սա կողմերի առաջին հանդիպումն էր, որի արդյունքում ձեռք բերվեցին միմյանց հետ համագործակցելու նոր ուղիներ։ Կողմերը շնորհակալություն հայտնեցին ԵՀՄՖ նախագահ պարոն դոկտոր Գրիգորյանին և պայմանավորվեցին նման ևս երկու հանդիպում անցկացնելու ԵՄ-Ռուսաստան գազի հարցում գոյություն ունեցող խնդիրները լուծելու նպատակով։

Մանրամասնորեն քննարկվեցին Եվրոպա գազի մատակարարման բոլոր արդիական ուղիները և հնարարավորությունները։ Առաջնային համարվեցին Գազպրոմի կողմից իրականացվող Հյուսիսային հոսք-1  (Nord-stream-1), Հյուսիսային հոսք-2 (Nord-stream-2) գազատարների կառուցապատումը, Միջին Եվրոպան Բալկաններին կապող Իսթ-Ռինգ (East-Ring) գազատարի, ինչպես նաև Հարավային Հոսք (South Stream) և Ռուսաստան-Ուկրաինա-Սլովակիա-ԵՄ «Բրատստվո» գազատարների ապագայի հարցերը։

Քննարկվեցին նաև Միջին Ասիայից և Հարավային Կովկասից Եվրոպա գազ մատակարարելու առկա խնդիրները։ Այդ թվում, առաջին անգամ քննարկելով Ադրբեջանից գազի մատակարարման խնդիրը, հայտարարվեց, որ այլևս բացառվում է այդ հնարավորության օգտագործումն ապագայում, քանի որ այդ տարածաշրջանը երկարատև անկայունության վիճակում է հայտնվել։ Նշվեց, որ Արցախում սանձազերծված պատերազմական իրավիճակը ամբողջովին կասեցնում է Թուրքիայով դեպի Եվրոպա նոր գազատար կառուցելու խնդիրը, որը Ադրբեջանին որպես գազի ոլորտի լուրջ խաղացող,բացառում է։ Միաժամանակ նշվեց նաև, որ այդ տարածաշրջանում գազի ծավալները բավարար չեն Եվրոպայի գազի մատակարարման խնդիրները լուծելու համար։ Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանից գազի արտահանման դարաշրջանը կարելի է համարել փակված։ Եվ սա լինելու է լուրջ հարված Ադրբեջանի տնտեսության ապագային»։




Լրահոս