Ֆրանսիացի լրագրողը ներթափանցել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքեր և 3 ամիս գաղտնի նկարահանել ծայրահեղականներին: Լրագրողը Փարիզի ահաբեկչությունների մասին ֆիլմ է նկարահանել:
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, օգտագործելով Սաիդ Ռամզի կեղծանունը, նա հետաքննություն է անցկացրել «Ալլահի զինվորներ» վավերագրական ֆիլմի նկարահանման համար, որը պետք է պատմի այն մասին, թե ովքեր են երիտասարդ ջիհադիստները:
Ֆիլմը կցուցադրվի Ֆրանսիայում երկուշաբթի օրը:
«Իմ նպատակն է հասկանալ, թե ինչ է կատարվում նրանց գլխում»,- France Presse-ը մեջբերում է լրագրողի խոսքը:
Ռամզին պատմել է, որ կոնտակտ է հաստատել ծայրահեղականների հետ սոցցանցերի միջոցով: Դրանից հետո նա մշտապես գտնվել է նրանց ճամբարում: Մի անգամ մի կին նրան նամակ է փոխանցել, որի մեջ եղել է հարձակման ծրագիրը, թիրախը գիշերային ակումբն է եղել: Ծրագիրը կյանքի կոչելուց առաջ խումբը ձերբակալվել է իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից, նրանց ծրագրերը ձախողվել են: