Էդվարդ Նալբանդյանը Ֆինլանդիայի ԱԳ նախարարի հետ մամուլի ասուլիսով է հանդես եկել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 2-ին պաշտոնական այցով Հելսինկի ժամանած ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ֆինլանդիայի փոխվարչապետ, արտգործնախարար Թիմո Սոինիին:

Զրուցակիցները պայմանավորվեցին ակտիվացնել բարձր մակարդակով փոխայցելությունները, երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդատվությունները, սերտացնել միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությունը:

Նախարարները հանգամանալից զրույց ունեցան երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի շուրջ։ Երկուստեք կարևորվեց խորհրդարանների միջև շփումների խթանումը։ Հայաստանի և Ֆինլանդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին տնտեսական, մշակութային, կրթական և այլ ոլորտներում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի շուրջ: Հայաստանի և Ֆինլանդիայի արտգործնախարարները ընդգծեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը:

Անդրադարձ կատարվեց ԵՄ հետ Հայաստանի հարաբերություններին, ՀՀ-ԵՄ նոր իրավական հիմքի շուրջ բանակցություններին: Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է ԵՄ հետ փոխշահավետ համագործակցության ամրապնդումը:

Հայաստանի արտգործնախարարը Ֆինլանդիայի իր գործընկերոջը ներկայացրեց Արցախի դեմ ապրիլի սկզբին Ադրբեջանի ագրեսիվ ռազմական գործողությունների սանձազերծումն ու դրա հետևանքների հաղթահարմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։

Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ չնայած 1994 և 1995թթ. զինադադարի եռակողմ համաձայնագրերը անվերապահորեն հարգելու վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների և միջազգային հանրության հորդորներին, Ադրբեջանը շարունակում է հրադադարի խախտումները` շփման գծի ողջ երկայնքով կենտրոնացնելով ծանր զինտեխնիկա և զորքեր, էլ ավելի ուժգնացնելով իր ռազմատենչ հռետորաբանությունը և իրականացնելով սադրիչ քարոզչություն միջազգային հարթակում` փորձելով հայկական կողմերին մեղադրել այն ամենում, ինչը հենց ինքն է անում և այդպիսով փորձելով հող նախապատրաստել նոր ռազմական հարձակումների համար, որոնք կարող են ունենալ անկանխատեսելի բացասական հետևանքներ ամբողջ տարածաշրջանի համար: «Վաղուց ժամանակն է, որպեսզի միջազգային հանրությունը հստակ քայլեր ձեռնարկի Ադրբեջանին կարգի հրավիրելու նպատակով», – շեշտեց Էդվարդ Նալբանդյանը:

Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը հանձնառու է հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը, իսկ այլընտրանք չունեցող բանակցությունների վերսկսման համար անհրաժեշտ պայմաններ ձևավորելու նպատակով հարկավոր է կյանքի կոչել համանախագահների առաջարկը` միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման վերաբերյալ, և երաշխավորել 1994 և 1995թթ. զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ կատարումը:

Թիմո Սոինին այս առումով ընդգծեց, որ Ֆինլանդիան ամբողջովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը և բանակցությունների համար համապատասխան մթնոլորտ ապահովելուն ուղղված նրանց նախաձեռնությունները։ Ֆինլանդիայի արտգործնախարարը հավելեց, որ ղարաբաղյան հիմնախնդիրը կարող է կարգավորվել միայն խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով։

Հայաստանի և Ֆինլանդիայի արտգործնախարարները քննարկեցին տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցեր` Իրանի միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածությունների իրագործումը, իրավիճակը Մերձավոր Արևելքում, միգրացիոն ճգնաժամը, ահաբեկչության դեմ պայքարը:

Էդվարդ Նալբանդյանը Թիմո Սոինիին հրավիրեց այցելել Հայաստան:

Հանդիպման ավարտին նախարարները հանդես եկան համատեղ մամլո ասուլիսով։




Լրահոս