Վերջին մի քանի օրը Ղազախստանում բողոքի ալիք է բարձրացել հողային օրենսգրքի փոփոխությունների դեմ: Աթիրաու, Ակտոբե և Սեմեյ քաղաքներում մարդիկ փողոց են դուրս եկել՝ պահանջելով օտարերկրացիներին հող չտրամադրել վարձակալության, փոխանցում է BBC-ն:
Մի շարք գնահատականների համաձայն՝ քաղաքներից յուրաքանչյուրում բողոքի ակցիաներին մասնակցել է 1000-2000 մարդ, ինչը հազվադեպ երևույթ է մի երկրի համար, որտեղ հետապնդում են պետական քաղաքականության քննադատության համար:
Վերջին անգամ, երբ Ղազախստանում նման մասշտաբի բողոքի ակցիա է անցկացվել, ոստիկանությունը կրակ է բացել ցուցարարների ուղղությամբ: Պաշտոնական տվյալներով, այդ ժամանակ 14 մարդ է զոհվել:
Հողային օրենսգիրքը ստորագրվել է երկրի նախագահի կողմից 2015թ. նոյեմբերին: Սահմանված փոփոխությունները թույլ են տալիս օտարերկրացիներին 25 տարի ժամկետով վարձակալել գյուղատնտեսական հողատարածքները: