ՀՅԴ Հայաստանի 20-րդ Գերագույն ժողովի հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ս.թ. ապրիլի 29-ից մայիսի 1-ը Աղվերանում գումարվեց ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 20-րդ Գերագույն ժողովը:

  • Քննարկելով ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի երկամյա գործունեությունը, անդրադառնալով անցնող ժամանակահատվածում երկրում ընթացած հասարակական-քաղաքական գործընթացներին և զարգացումներին, կատարելով իրավիճակի համակողմանի վերլուծություն և արժևորում` Գերագույն ժողովը համախոհության և փոխըմբռման մթնոլորտում հաստատեց կուսակցության առաջիկա երկու տարիների գործունեության ռազմավարական ուղենիշներն ու մարտավարությունը:
  • Ժողովն արձանագրեց կուսակցության վճռականությունը` ՀՀ նոր Սահմանադրության ընձեռած հնարավորությունների և մեխանիզմների շրջանակում նախանձախնդիր հետևողականորեն դերակատար դառնալու երկրում սոցիալական արդարություն, արդար դատական համակարգ սահմանող, մարդու իրավունքներն ու ազատությունները երաշխավորող, արդյունավետ կառավարում, ազատ ընտրություններ ապահովող, աղքատությունը, գործազրկությունն ու արտագաղթը հաղթահարող համակարգ հաստատելու ուղղությամբ:
  • Գերագույն ժողովը կուսակցության առանձնակի ուշադրությունը հրավիրեց շարքերի երիտասարդացման, կանանց դերակատարության ընդլայնման, քարոզչության արդիական մեթոդներ որդեգրելու, հանրության տարբեր շերտերի հետ առավել գրավիչ միջոցներով աշխատելու, ազգային մտածողությամբ ու տեսլականով գաղափարական սերունդ պատրաստելու խնդիրների վրա:
  • Ժողովը գնահատեց Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ ստորագրված քաղաքական համագործակցության համաձայնագիրը` ձեռք բերված պայմանավորվածությունների և առաջնահերթությունների հետևողական իրագործումը դիտելով որպես երկրում արմատական ու որակական փոփոխություններ ապահովող գործողությունների ծրագիր:
  • Առաջիկա տեղական ինքնակառավարման և ՀՀ ԱԺ ընտրություններին Հ.Յ.Դաշնակցությունը մասնակցելու է իր  ներուժի ողջ կարողականությամբ, կառույցի կազմակերպվածությամբ` տարբեր մակարդակներում ընդլայնելով իր ներկայությունը, նպատակ հետապնդելով առավել գործուն ազդեցություն ունենալ երկրին ուղղված մարտահրավերների և սպառնալիքների հաղթահարման գործում:
  • ՀՅԴ-ն շարունակելու է համահայկական կառույցի ողջ ներուժն ուղղորդել ԼՂՀ միջազգային  ճանաչման, հայապահպանութան, Հայ Դատի, ինչպես նաև ՀՀ միջազգային հեղինակության բարձրացմանն ուղղված աշխատանքներին:
  • Գերագույն ժողովը բացառիկ սևեռումով քննեց ԼՂՀ  շուրջ ծավալվող վերջին իրադարձություններն ու ընթացող պատերազմը: Այս համատեքստում արձանագրված համազգային միասնականության ոգին ու համախմբումի փաստն արժևորվեց որպես երկրում որակական թռիչք ապահովող անգնահատելի նախապայման:
  • Բարձր գնահատելով հայկական զինած ուժերի մարտունակությունը, հակառակորդի լայնածավալ հարձակումը անձնազոհաբար կասեցնելու կամքը`  Գերագույն  ժողովը խոնարհվում է հերոսաբար զոհվածների հիշատակի առաջ և վշտակցում նրանց հարազատներին: Ժողովը միաժամանակ խոր մտահոգություն հայտնեց այն բացթողումների, խնդիրների ու մարտահրավերների առնչությամբ, որոնք ի հայտ եկան քառօրյա պատերազմի ընթացքում:
  • Գերագույն ժողովը վերահաստատեց Արցախի ազգաբնակչության ազատ կամաարտահայտությամբ դրսևորված հիմքերով ԼՂՀ հիմնախնդիրը հանգուցալուծելու ՀՅԴ անզիջում վճռականությունը, շեշտեց հակամարտությունը միջազգային իրավունքի նորմերով և սկզբունքներով կարգավորելու, ԼՂՀ-ն որպես բանակցային կողմ ներգրավելու, ինչպես նաև միջազգային կառույցներում Հայաստանի Հանրապետության և ԼՂՀ ամբողջական անվտանգության երաշխիքներն ամրագրելու  անհրաժեշտությունը:
  • Բանակցային գործընթացը դիտելով  որպես ԼՂՀ հիմախնդրի կարգավորման միակ նախընտրելի տարբերակ` Գերագույն ժողովն անհետաձգելի առաջնահերթություն  գնահատեց  ՀՀ և ԼՂՀ պետականությանն ու ազգաբնակչության անվտանգությանն ուղղված ադրբեջանական շարունակական ագրեսիայի չեզոքացման գործողությունների ծրագիրը:
  • Գերագույն ժողովը անհետաձգելի առաջնահերթություն որակեց ՀՀ և ԼՂՀ անվտանգության միասնական համակարգի ամրապնդումը, արձանագրեց բանակաշինության, պաշտպանական ոլորտում գրանցված մարտահրավերներն ու թերացումները` ընդգծելով այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլերի և համարժեք պատասխանատվության կարևորությունը:
  • Գերագույն ժողովը վերահաստատեց Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերները դիմագրավելու` կուսակցության հանձնառությունը` պատասխանատվություն ստանձնելով համահայկական իր ողջ կարողականությունը նպատակաուղղելու Հայաստանի Հանրապետության և ԼՂՀ անվտանգությանն ու ինքնիշխանությանը, երկրում ժողովրդավարության ամրապնդման, սոցիալ-տնտեսական առաջընթացի և բարոյահոգեբանական  մթնոլորտի առողջացմանը:

01 մայիս 2016




Լրահոս