Ղրղզստանը հետաքրքրված է հայկական փորձով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղրղզստանի Հանրապետության նախնական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի պատասխանատուներից կազմված պատվիրակությունը ճանաչողական-ուսումնական այցով գտնվում է Հայաստանում: Այցի նպատակն է` ծանոթանալ մեր երկրի ՆՄԿՈՒ համակարգի բարեփոխումներին և զարգացումներին:

Այցի առաջին օրը Ղրղզստանի պատվիրակության անդամները, որի կազմում էին այդ երկրի գործադիր մարմինների, գործատուների ներկայացուցիչներ և քոլեջների տնօրեններ, հանդիպել են ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանի հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել հետխորհրդային երկրներում առկա հիմնահարցերին, մասնավորապես, մանկավարժության մեթոդներին, մանկավարժական կադրերի վերապատրաստման ռազմավարական խնդիրներին, կրթության զարգացման հեռանկարային ծրագրերին: Պատվիրակության անդամներին հիմնականում հետաքրքրել են հանրակրթությունից անցումը նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտին, ինչպես նաև կրթության որակի ապահովման, աշխատաշուկա-գործատու-կրթություն կապի, որակավորումների հետ կապված խնդիրները:

Ղրղզստանի Հանրապետության պատվիրակության այցի ընթացքում նախատեսվում են մի շարք քննարկումներ` Հայաստանի ՆՄԿՈՒ համակարգի շուրջ, ներառյալ սոցիալական գործընկերության, երիտասարդության զբաղվածության և մասնագիտական կողմնորոշման, ուսումնական գործընթացի որակի կառավարման, ինչպես նաև մասնագիտությունների միջազգային առաջնության /World Skills Fair/ վերաբերյալ հարցեր:




Լրահոս