Երևանի Հյուսիսային պողոտայում մայիսի 1-ին անցկացվել է ֆլեշ-մոբ, որի նպատակն էր հանրությանը իրազեկել առողջության առաջնային պահպանման օղակում անվճար իրականացվող սկրինինգային հետազոտությունների մասին: Մասնավորապես, այդ հետազոտություններն ուղղված են 35-68 տարեկան բնակչության շրջանում շաքարային դիաբետի և զարկերակային ճնշման, ինչպես նաև 30-60 տարեկան կանանց շրջանում արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանը:
Հանրապետության առողջության առաջնային պահպանման բոլոր հաստատություններում՝ պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում, շարունակվում են սկրինինգային հետազոտությունները, որոնք մեկնարկել են 2015թ. հունվարին:
Այս միջոցառմամբ ՀՀ առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում բնակչությանը ակտիվ մասնակցություն ցուցաբերել և այցելել պոլիկլինիկաներ, անցնել նշված հետազոտությունները, կանխարգելել հիվանդությունները և լինել առողջ: