ԵՍ ԱՅԺՄ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը (Լիսկա) “Ժողովուրդ”-ի հետ զրույցում հայտարարեց, որ ինքը երբեւէ ցանկություն չունի Սյունիքի մարզում ունենալ իր “սեփական” իշխանությունը: Նրա խոսքով՝ այսօր գոյություն ունի օրինական իշխանություն, որն ինքը հարգում է:
-Պարո՛ն Խաչատրյան, Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը միջնորդություն է ներկայացրել` հունիսի 1-ին Ձեր տան մոտ հայտնաբերված գնդակի հետքերի կրկնակի փորձաքննություն նշանակելու համար: Միջնորդությունը բավարարվել է: Բավարարվել է նաեւ փաստաբանի մեկ այլ միջնորդություն, որով նա խնդրել էր իրեն հնարավորինս մասնակից դարձնել այդ փորձաքննությանը: Դուք ինչպե՞ս եք վերաբերում այս ամենին:
-Թող լինի: Ես որեւէ բան չեմ ասում: Տեսագրությունը կա, որը հասանելի է բոլորին: Առաջին հերթին ասեմ, որ ՀՀ-ում չկա այնպիսի մի մասնագետ, որ տեսագրությունները կեղծի: Բոլոր մասնագետներն էլ համոզվել են, որ տեսագրությունը կեղծված չէ: Թե փաստաբանի ցանկությունն ինչ է, ես որեւէ բան չեմ կարող ասել: Ու կարծում եմ, որ նորմալ իրավաբանն ավելորդ արտահայտություններ չպետք է անի: Կարծում եմ՝ իրավապաշտպանի խնդիրն իր պաշտպանի իրավունքները պաշտպանելն է, նորմալ իրավաբանն այլ արտահայտություններ իրեն թույլ չի տա: Ինչ-որ մի ժամանակահատված հետո այս գործի քննությունն ավարտվելու է, ու ամեն ինչ պարզ է լինելու: Նշեմ միայն, որ ոչ ոքի համար էլ հաճելի չէ երիտասարդ մարդու մահը:
-Դուք հայտարարել եք, որ Բուդաղյան եղբայրները ,հարձակվելե են Ձեր տան վրա, ու Դուք ստիպված եք եղել պաշտպանվել: Այդ դեպքում ինչո՞ւ Դուք չեք պահանջում, որ ձերբակալեն նրանց՝ նման ահաբեկչության համար:
-Գործը հարուցված է մեր բողոքի հիման վրա, գործն ընթացքի մեջ է ու իր հունով գնում է: Մի բան հստակ է` հունիսի 1-ի միջադեպից հետո բոլորը սկսել են սուտ տեղեկություններ տարածել: Շաբաթ օրն էլ սկսեցին ասել, թե դանակահարություն է եղել իմ ու Վահե Հակոբյանի միջեւ: Ախր մենք իրար հետ ընդհանրապես չենք էլ հանդիպել: Հասկանում եք, այսօր այնքան սուտ տեղեկություններ են հրապարակվում, որ անհասկանալի է՝ իրականությունը որն է, պատվեր են կատարում ու, ընդհանրապես, ինչ է իրենց ուզածը:
-Տեղեկություններ կան, որ Վահե Հակոբյանին Սյունիքի մարզպետ նշանակելուց հետո Ձեր եւ նրա փոխհարաբերությունները լարվել են: Բանն այն է, որ Դուք չեք կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ այժմ իշխանությունը Վ. Հակոբյանի “ձեռքում” է:
-Ես չեմ հասկանում՝ ինչու պետք է լարվեն մեր փոխհարաբերությունները, որեւէ առիթ չկա, որ մենք վատ հարաբերություններ ունենանք: Ես այդ պաշտոնից հեռացել եմ իմ դիմումի համաձայն: Ու ես ասել եմ, որ շրջանառվող թեկնածուներից արժանավոր թեկնածուն Վահե Հակոբյանն էր, ես իմաստը չեմ տեսնում՝ ինչու պետք է լարվեին մեր հարաբերությունները:
-Վ. Հակոբյանը Սյունիքի մարզում ավելի շատ դերակատարություն ունի, քան Դուք, իշխանությունը Ձեր ձեռքից “խլել” են…
-Իշխանությունն օրենքով է, ես չեմ էլ ձգտել, որ գնամ, իշխանություն ունենամ, դա աբսուրդ է: Ինչո՞ւ ես պետք է փորձեմ իշխանություն ունենալ: Ես եթե կարողանամ ինչ-որ բանով օգնել, չեմ հրաժարվի, կօգնեմ: Եթե կարողանամ ինչ-որ մի բանով ծառայել, կփորձեմ ծառայել: Այսքանը:
Բայց մշտապես Սյունիքի մարզը համարվել է Ձերը, մշտապես նշվել է, որ Ձեր իշխանությունն է այնտեղ “տիրում”…
-Ուրեմն լսե՛ք ասեմ. այսօր օրինական իշխանություն կա, որը ես հարգում եմ, ու ինչո՞ւ ես պետք է փորձեմ ինքս իմ համար իշխանություն ստեղծել: Իմաստ չկա դրանում, հավատացե՛ք, որ դրա իմաստը չկա:
-Սեպտեմբերի 29-ին Սյունիքի մարզում կայանալիք ընտրություններում ՀՀԿ-ն առաջադրեց Արմեն Կարապետյանի թեկնածությունը, եւ նա համարվում է Ձեր “սրտով” թեկնածու: Սակայն Ա. Կարապետյանը հայտարարել է, որ ոչ ոք իրեն չի կարող ինչ-որ բան “թելադրել”: 
-Թեկնածուն ե՛ւ նոր մարզպետի, ե՛ւ ՀՀԿ-ի թեկնածուն է, շատ նորմալ մարդ է, արդար, իսկ ընտրություններն էլ անցնելու են արդար, ու ընտրվելու է պատգամավոր, այլ թեկնածու, մրցակից չկա:
-Նշվում է, որ բոլոր քաղաքական ուժերը հրաժարվեցին իրենց թեկնածուին առաջադրել այն պատճառով, որ բոլորը վախեցան, քանի որ Դուք ամեն քայլի դիմելու եք, որ ՀՀԿ-ի թեկնածուն պատգամավոր դառնա: Այսինքն՝ վախեցել են Ձեզանից: Ինչո՞ւ եք վախի մթնոլորտ ստեղծել:
-Ասեմ Ձեզ, որ Սյունիքում բոլոր ընտրությունները չափազանց օրինական են անցնում, ամեն ինչ օրինական է լինում: Ու որեւէ նման խնդիր չկա, դրանք ընդամենը հերյուրանքներ են: Մարդիկ են, որոնք չկամենալով ցեխ են փորձում շպրտել, բայց դա շատ անտեղի է: Ես համոզված եմ ու վստահաբար ասում եմ, որ այս ընտրությունները եւս օրինական են լինելու:
-Դուք այժմ ինչո՞վ եք զբաղված եւ ի՞նչ եք պատրաստվում անել:
-Ես անելու ոչ մի բան չունեմ: Ես այժմ ավելի լուրջ խնդիր ունեմ: Սպասում եմ օբյեկտիվ քննության, ես ոչ մեկից նեղանալու բան չունեմ, սա մի փորձություն էր, որ եկավ, պատահեց: Ես այժմ պետք է հավաքվեմ, որ այս փորձությանը դիմակայեմ:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 601 համար




Լրահոս