Ոստիկանության ծառայողին ոչ վայել վարքագիծ դրսեվորելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնում 2013 թ. օգոստոսի 21-ին, ժամը 09.20-ին “Լիբեր” ՍՊ ընկերության ներկայացուցչի կողմից ահազանգ է ստացվել, որ մի խումբ քաղաքացիներ խոչընդոտում են Երևան քաղաքի Կոմիտաս 5 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքներին: Ահազանգի կապակցությամբ նշված վայր են  մեկնել  ոստիկանության աշխատակիցներ: Որոշ ակտիվիստներ չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, շարժվել են Կոմիտասի պողոտայի երթևեկելի գոտի և խոչընդոտել ճանապարհային երթևեկությունը: 
Հասարակական կարգը պահպանելու և հիշյալ ակտիվիստների ոչ պատշաճ վարքագիծը կանխելու նպատակով նշված վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները: Ակցիայի մասնակիցներից քաղաքացի Սեդա Սահակյանը, ով նույնպես  խոչընդոտում էր ճանապարհային երթևեկությունը, մոտեցել է նշված վայրում ծառայություն իրականացնող ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Արսեն Ապերյանին և հետևից ձեռքով հրել: Ոստիկանը տարեց կնոջը  հրել է մի կողմ:      
Դեպքի կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն:
Ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունում վերոհիշյալ միջադեպը հաստատվել է “Ասեկոսե.ամ” ինտերնետային կայքում զետեղված “Ոստիկանը գետնին է տապալում 70-ն անց տարեց կնոջը” վերտառությամբ տեսանյութի ուսումնասիրությամբ:  
Քաղաքացի Սեդա Սահակյանը տված բացատրությամբ պնդել է վերը նշվածը և հավելել, որ ոստիկանության ծառայողի հրելու հետևանքով ինքը մարմնական  վնասվածք  չի  ստացել:  Նշել է,  որ  հիշյալ  ծառայողի  նկատմամբ որևէ  բողոք, պահանջ չունի, քանի որ նա իր հետ նման կերպ վարվելու դիտավորություն չի ունեցել. այդ ամենը տեղի է ունեցել ստեղծված իրավիճակի հետևանքով` պահի ազդեցության տակ: 
Ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի  
տեսուչ,  ոստիկանության   լեյտենանտ  Արսեն  Ապերյանը  Ներքին անվտանգության վարչությունում տված բացատրությամբ ընդունել է նշված կնոջը  
հրելու և նրա հետ կոպիտ վարվելու հանգամանքները: Հավելել է, որ ինքը նման դիտավորություն չի ունեցել, ուղղակի, ստեղծված իրավիճակում, պահի ազդեցության տակ է դիմել  այդ քայլին: Նշել է, որ իր հրելու հետևանքով կինը վայր չի ընկել, քանի որ հենց ինքն է բռնել նրա ձեռքը, որպեսզի չընկնի: Նաև՝ ինչպես այդ կնոջ, այնպես էլ մյուս քաղաքացիների հասցեին որևէ վիրավորական արտահայտություն չի հնչեցրել:  
Ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունում կատարված ծառայողական քննությամբ պարզվել է, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Արսեն Ապերյանը, ում լիազորությունները ոստիկանության պետի օգոստոսի 22-ի հրամանով ժամանակավորապես դադարեցվել էին մինչև ծառայողական քննության ավարտը, 2013թ. օգոստոսի 21-ին, ժամը 14:00-ի սահմաններում, ծառայություն իրականացնելով Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում, դրսևորել է ոստիկանին ոչ վայել վարքագիծ, քաղաքացու հետ հարաբերություններում ցուցաբերել է կոպիտ ու անհարգալից վերաբերմունք և նրա ձեռքից քաշելով՝ հրել մի կողմ, ինչով խախտել է “ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին” ՀՀ օրենքի   պահանջը: 
Ոստիկանության ծառայողին ոչ վայել վարքագիծ դրսևորելու`  քաղաքացու  հետ հարաբերություններում  կոպիտ ու անհարգալից վերաբերմունք  ցուցաբերելու համար, ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Արսեն Գևորգի Ապերյանը կարգապահական տույժի կենթարկվի:




Լրահոս