«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր ողջ աշխարհը նշում է Խոսքի ազատության օրը: Այլ կերպ ասած՝ այսօր լրագրողներիս մասնագիտական տոնն է: Անկախ Հայաստանի 25 տարիներին խոսքի ազատությունը բոլոր տեսակի փորձություններով անցել է. իրենց մասնագիտական գործը կատարելու` խոսքի ազատությունը լիարժեք ապահովելու, այսինքն՝ մարդկանց բոլոր խմբերին արտահայտվելու եւ տեղեկացված լինելու հնարավորություն տալու համար թերթեր են փակվել, հեռուստաընկերություններ են հեռարձակումից զրկվել, լրագրողներ են սպանվել եւ ծեծի ենթարկվել: Բայց խոսքի ազատությունը Հայաստանում շարունակում է զարգանալ, անկախ նրանից՝ այդ ամենը պահի իշխանությունների սրտով է, թե ոչ: Այսօր մամուլը մեկ այլ մարտահրավերի առջեւ է կանգնած. անպատասխանատվություն է իշխում դաշտում: Նորելուկ շատ կայքեր իրենց գործելաոճով ջանում են բիծ թողնել մամուլի դաշտում՝ փորձելով նսեմացնել ԶԼՄ-ների դերն ու կարեւորությունը:
Արդեն մեկ ամիս է՝ Հայաստանի լրատվական դաշտը գործում է չհայտարարված պատերազմական պայմաններում՝ անցնելով ինքնաֆիլտրման ճանապարհով: Եւ լրատվամիջոցների զսպվածությունը ցույց տվեց, որ լրագրողները պատրաստ էին նման բարդ պայմաններում պրոֆեսիոնալ գործել՝ ի տարբերություն առանձին պաշտոնյաների, որոնց մոտ տպավորություն է ստեղծվել, թե կարող են խելքներին եկած առաջին անհեթեթ միտքը դուրս տալ:
Խոսքի ազատությունն արժեք է, որն ամեն հանրություն ինքն է նվաճում: Առանց խոսքի ազատության չի կարող լինել հզոր, զարգացող եւ վաղվա հեռանկար ունեցող պետություն: Կայացած Չորրորդ իշխանությունը մյուս երեք իշխանությունների բնականոն` ի շահ պետության եւ հանրության գործելու միակ գրավականն է»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: