«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր պաշտոնավարման ընթացքում հիմնականում աչքի է ընկել նրանով, որ մայրաքաղաքում տեղի ունեցող ցանկացած դրական տեղաշարժ փորձում է իրեն վերագրել: Հենց այս հանգամանքով պայմանավորված տարիներ առաջ ծնվեց «շնորհակալություն Տարոն պարոն Մարգարյանին» արտահայտությունը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Տարոն Մարգարյանը Երեւանի բոլոր վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է իրենց գործունեության վերաբերյալ ինքնուրույն ոչ մի տեղեկություն չտարածել, այդ թվում նաեւ սոցիալական ցանցերի անձնական էջերում:
Մարգարյանը ֆիլտրում է՝ ինչը տալ, ինչը՝ ոչ: Այս լուրերի առնչությամբ մեկնաբանության համար «Ժողովուրդ»-ը դիմեց քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանին, ով համակարգում է քաղաքապետարանի քարոզչության աշխատանքները: Ի պատասխան՝ նա ասաց. «Նման բան չկա, իրենք (վարչական շրջանների ղեկավարները,- խմբ.) ազատ են իրենց աշխատանքը ներկայացնելու մեջ: Ընդհակառակը, մենք ողջունում ենք աշխատանքի հրապարակային եւ թափանցիկ ներկայացման մոտեցումը»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: