ՄԵՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԹԵՐԻ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երգչուհի, երաժիշտ ԼԻԼԻԹ ՊԻՊՈՅԱՆԸ լավատեղյակ է թանկացումներից, որովհետեւ գնաճն իր կողքով աննկատ չի անցնում: Երգչուհու խոսքերով, այն կազդի նաեւ իր ընտանեկան բյուջեի վրա, մանավանդ՝ ձմռան ամիսներին: Մեզ հետ զրույցում տիկին Պիպոյանը մեծ գոհունակությամբ խոսեց վերջին շրջանում երիտասարդների ակտիվ պահվածքի մասին՝ նկատելով, որ մեր երկրի իրավիճակի բարելավումը դրված է հենց նրանց ուսերին: 
-Երիտասարդները շատ բան կարող են անել, բայց միայն նրանք, ովքեր ծնվել են անկախ Հայաստանում, որովհետեւ նրանք ուրիշ  մտածողություն ունեն: Մենք` խորհրդային շրջանի մարդիկ, սովոր ենք խեղճությանը, մեզ համար դժվար է, անսովոր է ըմբոստանալ: Իսկ մերօրյա երիտասարդներն ավելի ազատ աշխարհում են ապրում ու ավելի համարձակ են: Ես նրանց հետ մեծ հույսեր եմ կապում: Իրենց արժանապատվությունը հասկանում ու գնահատում են: Ես ողջունում եմ վերջին շրջանում դրսեւորած նրանց ակտիվությունը, չնայած որ, կարծիք եմ լսել, թե այդ շարժումը կառավարվում էր, որպեսզի ավելի լուրջ խնդիրներից շեղեն մարդկանց ուշադրությունը: Ես այդքան խորքերը չեմ կարող գնալ. գուցե տեղեկություն չունեմ, բայց չեմ հավատում դրան: Կարծում եմ, որ ամեն ինչ ինքնաբուխ է եղել, որովհետեւ եթե, օրինակ, կոմունալ թանկացումները երիտասարդները չեն զգում, քանի որ  իրենց ձեռքով չեն կատարում վճարումներ, ապա այս պարագայում իրենք անմիջական վճարողն են: 
-Եթե չեմ սխալվում, Դուք էլ երկու չափահաս զավակ ունեք:
-Այո՛, 25 եւ 27 տարեկան: Աղջիկս այդ նախաձեռնությանը մասնակցում էր: Նրանք այն տարիքում են, որ ինքնուրույն են կայացնում իրենց որոշումները, եւ ես ողջունում եմ նրանց անկախությունը: 
-Ի՞նչ եք կարծում, եթե ոչ միայն երիտասարդությունը միավորվի,  այլ նաեւ ավագ սերունդը կանգնի նրանց կողքին, հնարավոր կլինի՞ ավելի լուրջ ու որոշիչ փոփոխությունների հասնել: Արդյոք ամեն ինչ ժողովուրդի ձեռքո՞ւմ չէ:
-Ոչ ամեն ինչ, ես այդքան ռոմանտիկ չեմ, որ դրան հավատամ: Պարզապես շատ խարիզմատիկ, շատ ուժեղ ու հզոր լիդերներ են պետք: Բայց ես չգիտեմ, թե նրանք ովքեր են ու որտեղից են գալիս: Նույնիսկ, եթե մանր խնդիրներում ջահելները ակտիվ լինեն, որոշ չափով ամենաթողությունը չի ծաղկի, գոնե մարդկանց հետ հաշվի կնստեն: Բայց եւ գիտակցում եմ, որ շատ կարդինալ բաներ չեն կարողանա լուծել: 
-Քաղաքական դաշտում տեսնո՞ւմ եք որեւէ արժանի լիդերի, ում հետ կարելի է հույս կապել, ում կարելի է հետեւել: 
-Ճանաչում եմ անձամբ մեկին, վստահում եմ իր խելքին ու ազնվությանը, դա Գարեգին Չուգասզյանն է, ով ,Սարդարապատե շարժման նախաձեռնողներից մեկն է: Մնացածին գուցե լավ չգիտեմ: Ինչ վերաբերում է քաղաքական դաշտին, ընդհանրապես ոչինչ ասել չեմ կարող: Ասում են՝ օրենքները լավն են, բայց չեն գործում, որովհետեւ մարդիկ լավը չեն: Դրան համակածիք չեմ: Ես համարում եմ, որ մեր օրենքները սխալ ու վատ են գրված, որովհետեւ իրենք թույլ են տալիս, որպեսզի խախտումներ արվեն: Լիդերին եւ օրենքները ես կապում եմ իրար հետ, որովհետեւ, եթե դրանք գրագետ ու բարձր մակարդակով գրված լինեն, ամեն ինչ այլ կերպ կլինի: Չգիտես ինչու, միշտ մտածում են մարդկանց փոխելու մասին, բայց ճիշտ օրենքների դեպքում մարդկանց մեծ մասը չի կարողանա խախտում անել: Բայց հիմա ես չգիտեմ՝ ով է գրելու այդ օրենքներն ու ինչպես: 
-Ձեր իրավունքները պաշտպանվա՞ծ են Հայաստանում:
-Դե… չգիտեմ: Ես մտածում եմ, որ մեր երկրում մեր աշխատավարձերով ապրելը շատ դժվար է: Ես էլ պետական համակարգից եմ աշխատավարձ ստանում, շոու բիզնեսի մեջ չկամ, խոշոր գումարներ չեմ աշխատում, ԵՊՀ-ում պատմության ֆակուլտետում դասախոս եմ: 
-Իսկ համերգներ չե՞ք ունենում: 
-Քիչ, ուզում եմ ասել, որ իմ եկամուտները շոու բիզնեսի երգիչ երգչուհիների եկամուտների պես չեն: Հնարավորություններով ես միջին քաղաքացի եմ, ընտրյալ չեմ:
-Հասարակության մեծ մասն  այսօր ոչ թե միջին, այլ միջինից էլ ցածր սոցիալական պայմաններում է ապրում: 
-Ի՞նչ անի մարդը, երբ այսօր նրան որպես արժեք չեն ընկալում: Օրինակ, բժշկությունը աղետալի թանկ է, դե, կրթության մասին չեմ խոսում: Տեսե՞լ եք՝ ինչ է կատարվում բժշկական հիմնարկներում: Մարդը կարող է ժամերով կանգնել բժշկի կաբինետի առաջ ու այդպես էլ չտեսնել բժշկին: Այդ համակարգը ճիշտ չի կազմակերպված: Աբսուրդ իրավիճակ է տիրում  շատ-շատ ոլորտներում: 
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 599 համար




Լրահոս