Ընդամենը երկու շաբաթից կմեկնարկի նոր քաղաքական սեզոնը` նոր մարտահրավերներով ու դրանք դիմագրավելու օրեցօր նվազող ռեսուրսներով: Սովորաբար սեպտեմբերի գալստյան հետ հանրության մոտ առաջանում է որոշակի փոփոխությունների, նկատելի տեղաշարժերի սպասելիք: Ի՞նչ է սպասվում այս սեպտեմբերին: Արդյոք կլինեն նշանակալի փոփոխություններ, որոնք լուրջ անդրադարձ կունենան երկրի սոցիալ-քաղաքական կյանքի վրա: Այս պահի դրությամբ երկրի պետական իշխանության մեջ լուրջ կադրային փոփոխությունների մասին խոսակցություններն ընդամենը կուլուարային մակարդակի են: Եվ եթե անգամ այդպիսի մեկ-երկու փոփոխություն լինի էլ, ապա ի՞նչ կարող է դա տալ: Ակնհայտ է, որ ոչինչ: Դեռեւս նախագահական, ապա Երեւանի ավագանու ընտրություններից հետո խոսակցություններ էին շրջանառվում, որ սեպտեմբերից լինելու են լուրջ վերադասավորումներ, որոնց արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կրկին իր հաստատուն տեղն է զբաղեցնելու իշխանական կոալիցիայում: Բայց եթե ընդամենը մեկուկես տարի առաջ ԲՀԿ-ի` կոալիցիա մտնել-չմտնելը կարող էր որոշիչ նշանակություն ունենալ երկրի քաղաքական գործընթացների զարգացման հարցում, ապա այսօր արդեն դա նախկին նշանակությունը չի կարող ունենալ: Այսօր թե՛ երկրի, թե՛ հանրության առջեւ կանգնած են այնպիսի լրջագույն մարտահրավերներ, որ մեկ կամ երկու առանձին վերցրած քաղաքական ուժի` մի ճամբարից անցումը մեկ այլ ճամբար ոչինչ չի փոխելու: Առկա մարտահրավերները հաղթահարելու միակ հնարավոր եղանակը հզոր ընդդիմության առկայությունն է, որը հարկ եղած դեպքում կարող է իշխանափոխություն իրականացնել` այդ հեռանկարով մի կողմից վերահսկելով իշխանության գործունեությունը, մյուս կողմից էլ` արտաքին, համազգային խնդիրներում իշխանություններին մանեւրելու հնարավորություն տալով: Սակայն Հայաստանում քաղաքական ուժերի միավորման գործընթացը, ինչպես հայտնի է, անհեռանկար է: Նախ՝ այդ ուժերից յուրաքանչյուրն առանձին-առանձին մի քանի անգամ ձախողել է միավորման ցանկացած փորձ, ապա եւ` այս իրավիճակում քաղաքական ուժերի հեղինակությունն ու ազդեցությունը հանրության տրամադրությունների վրա մոտեցել են զրոյական նիշին: Իսկ դեռեւս հին Հռոմից հայտնի է, որ նման իրավիճակում, երբ հանրության մոտ տոտալ հիասթափություն է տիրում, իշխանությունը պահելու միակ ելքը ժողովրդին հաց եւ տեսարաններ ապահովելն է: Սակայն մեր իշխանությունները երկիրն այնպիսի ծայրահեղ աղքատության են հասցրել, որ ժողովրդին հացով ապահովելը նրանց համար արդեն դարձել է անլուծելի խնդիր: Մնում են տեսարանները. արդյոք իշխանությունները կկարողանան առաջիկա ամիսներին կիսասոված ժողովրդին զբաղեցնել այնպիսի տեսարաններով, որոնք կմոռացնեն սովածությունն ու կշեղեն ժողովրդի ուշադրությունը` այդպիսով գոնե առժամանակ հետաձգելով սոցիալական բունտի վտանգը, դժվար է ասել: Բայց որ կիթառ նվագելով երկար չեն ձգի, դա հաստատ է:
ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ