Ռազմական գործողությունները կարող են վերսկսվել ցանկացած պահի. ռուս փորձագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի զրուցակիցն է ԱՊՀ ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար, ռազմական հարցերով փորձագետ Վլադիմիր Եվսեևը:

– Պարոն Եվսեև, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Bloomberg»-ին տված հարցազրույցում հայտարարել էրմ որ Ղարաբաղում պատերազմը կարող է վերսկսվել ցանկացած պահի և, որ անիմաստ է բանակցել առանց անվտանգության երաշխիքների: Իր հերթին ԼՂՀ ՊՆ ղեկավար Լևոն Մնացականյանն ընդգծել էր, որ պատերազմի դեպքում  հայկական կողմն առաջ կշարժվի: Կարելի՞ է ասել, որ հայկական կողմը կոշտացրել է իր դիրքորոշումը:

– Ես կարծում եմ, որ հայկական կողմը դրա համար ուներ շատ պատճառներ, քանի որ ապրիլյան պատերազմը նախօրոք ծրագրված ռազմական գործողություն էր և այն բերեց քաղաքացիական անձանց և զինվորների մահվան: Հաշվի առնելով, որ 1994-ից սկսած սա հրադադարի ամենախոշոր խախտումն էր, Հայաստանը չէր կարող չարձագանքել: Այդ պատճառով այժմ ես համաձայն եմ Սերժ Սարգսյանի հետ այն մասով, որ պատերազմն իսկապես կարող է ցանկացած պահի վերսկսվել, և այդ պատճառով անհրաժեշտ է մի քանի քայլեր ձեռնարկել, որոնք կարող են նվազեցնել այդպիսի կարգի դեպքերի կրկնությունը:

Ելնելով այն հանգամանքից, որ հրադադարի խախտման նախաձեռնողը եղել է Ադրբեջանը, Հայաստանն այժմ բանակցությունների վերսկսման համար երաշխիքներ է պահանջում, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի կողմից այժմ մարտական պատրաստվածության և ԼՂՀ-ն ետ բերելու մասին մշտապես հայտարարություններ են լինում: Այդ ամենի հանատեքստում Սերժ Սարգսյանի պահվածքը միանշանակ հասկանալի է, բայց ես կարծում եմ, որ հիմա շատ կարևոր դերակատարություն պետք է ունենա ԵԱՀԿ Մինսկի խումբը. միայն նրանք կարող են պնդել այնպիսի քայլեր կատարելուն, որոնք կնվազեցնեն շփման գծում լարվածությունը:

– Եվ ի՞նչ սպասել Մինսկի խմբի համանախագահներից, ո՞րը պետք է լինի նրանց անելիքը:

– Ես մտածում եմ, որ նրանք առաջին հերթին պետք է վերանայեն զննման մեխանիզմները, այսինքն` պետք է փոխվի Ղարաբաղի սահմանին դիտարկումներ անցկացնողների մանդատը: Քանի որ ներկայիս մանդատը ոչ մի խնդիր չի լուծում, չի նպաստում հետաքննությանը: Պետք է լինեն տեխնիկական հնարավորություններ, որպեսզի որոշվեն հրադադարը խախտողները: Այս ամենը կարող է կատարել միայն Մինսկի խմբի համանախագահները: Բացի դա, յուրաքանչյուր համանախագահ պետք է կատարի իր քայլերը, օրինակ, ռուսական կողմից, ես կարծում  եմ, պետք է հստակ հայտարարի Ադրբեջանին մատակարարվող ռազմական տեխնիկայի սահմանափակումների մասին: Այսինքն չպետք է մատակարարվեն օրինակ ռեակտիվ համակարգեր, ինչպես «Սմերչ»-ն է, «солнцепек» հրթիռային համակարգը: Բացի այդ, պետք է սահմանափակվեն նաև Ադրբեջանին տրվող հարվածային համակարգերի քանակը: Ռուսաստանը պետք է այդ ամենը վերանայի, քանի որ ներկայումս տրվող սպառազինությունն իր մեջ պարունակում է մեծ ռիսկ`  այդ ամենը քաղաքացիական անձանց վրա օգտագործման առումով:

– Բայց ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել էր, որ Ռուսաստանը կշարունակի զենք վաճառել Ադրբեջանին:

– Առաջին հերթին պետք է վերանայվեն վաճառվող զենքի տեսակները, երկրորդը` Ռուսաստանը պետք է կատարի իր պարտավորությունը և այնպիսի զենքեր տրամադրի, որոնք անհրաժեշտ են հայկական կողմին: Ես կարծում եմ, որ Ռուսաստանը պետք է օգնի Հայաստանին և տրամադրի գիշերային լուսավորության սարքեր, որոնց կբացառեն գիշերային գրոհներ անցկացնելու հնարավորությունը: Բացի այդ, Ռուսաստանը երևի պետք է հզորացնի նաև հակաօդային համակարգը: Այս ամենն անհրաժեշտ է նաև ուժերի հավասարակշռության պահպանման համար, որը վերջերս խախտված էր` հենց ռուսական կողմից Ադրբեջանին մատակարարվող սպառազինության առումով: Այսինքն ռուսական կողմը պետք է վերադարձնի ուժերի հավասարակշռությունը:

– Մեծ թվով ռուսական փորձագետներ կարծում են, որ կարելի է կանխել պատերազմը միայն խաղաղապահ ուժերի տեղակայման միջոցով: Ըստ Ձեզ, ռուսական կողմը մտադրություն ունի՞ խաղապահներ տեղակայել սահմանին:

– Որպեսզի խաղաղապահներ տեղակայվեն, պետք է առաջին հերթին հասնել կարգավորման: Այս պարագայում ոչ մի խաղաղապահներ չեն կարող լինել, քանի որ նրանց տեղակայման վայր էլ չկա: Որպես կանոն խաղաղապահները տեղակայվում են հակամարտող կողմերի միջև. ներկայումս այն կպահանջի և հայկական, և ադրբեջանական զինված ուժերի նահանջ սահմանից: Այդ պատճառով ներկայումս նման քայլի դիմելը ճիշտ չի լինի և խաղաղապահների տեղակայման վայր չկա: Բայց ես կարծում եմ, որ ներկայումս ոչ թե զորքերի, այլ զինտեխնիկայի տեղաշարժի կարիք կա, հատկապես ծանր տեխնիկայի, հակառակ դեպքում, կարող են կրկնվել ապրիլյան իրադարձությունները: Հատկապես ծանր զինտեխնիկայի հետ քաշման համար առաջին հերթին պետք է հասնել երկկողմանի համաձայնության և այս պարագայում շատ կարևոր է Մինսկի խմբի յուրաքանչյուր համանախագահի աշխատանքը: Օրինակ, ինձ թվում է, որ ֆրանսիացի համանախագահը կարծես թե այնքան էլ չի կատարում իր պարտականությունները:

– Իսկ ընդհանրապես ի՞նչ սպասել ռուսական կողմից, ինչպե՞ս է Ռուսաստանը շահագրգռված կոնֆլիկտի լուծմամբ:

– Առաջին հերթին, Ռուսաստանը հետաքրքրված է հավասարակշռության պահպանմամբ: Երկրորդ հերթին, Ռուսաստանի համար շատ կարևոր է վերադառնալ բանակցությունների ֆորմատին, այսպես ասած, փոխզիջումների, որին սակայն մի քանի հանգամանքներ խոչընդոտում են: Առաջին հերթին, դա երկու երկրների բնակչության կողմից ցանկացած զիջման դեմ լինելն է, երկրորդ հերթին, Բաքվի բնակչության մի հատված կողմից Ղարաբաղն ուժով հետ բերելու պատրաստակամությունն է: Երրորդ հանգամանքն այն է, որ ԱՄՆ-ն շահագրգռված չէ, որ հենց Ռուսաստանը նախաձեռնող լինի ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում: ԱՄՆ-ն շատ է ցանկանում, որ հենց նրանք դա անեն և դա մի տեսակ անհամաձայնություն է ստեղծում Մինսկի խմբի համանախագահների միջև:

– Այսինքն, Ռուսաստանի և Արևմուտքի տեսակետների միջև որոշակի տարբերություններ կա՞ն:

– Ոչ թե տարբերություններ, այլ այսպես ասած ցանկության բացակայություն: Նրանք չեն ցանկանում, որ Ռուսաստանը հասնի հարցի կարգավորման, բայց ընդհանուր առմամբ և Ռուսաստանը, և ԱՄՆ-ն, և Ֆրանսիան ամեն դեպքում հետաքրքրված են հարցի խաղաղ կարգավորմամբ: Բայց գլխավորն այստեղ առաջնահերթության հարցն է. օրինակ, եթե խաղաղապահներ պետք է տեղակայվեն, ում խաղաղապահները պետք է լինեն: Ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը կարող են համաձայնեցնել իրենց քայլերը, բայց ես այստեղ այնքան էլ չեմ տեսնում Ֆրանսիայի դերը:

– Իսկ առհասարակ ի՞նչ սպասել: Լայնածավալ պատերազմական գործողությունների վերսկսման վտանգ տեսնո՞ւմ եք:

– Ես, որպես ռազմական փորձագետ, կարծում եմ, որ եթե մենք ոչինչ չանենք, ապա իրադարձությունների վերսկսման հավանականությունը շատ մեծ կլինի: Բայց, որպեսզի դրանք չլինեն, պետք է կատարվեն այն քայլերը, որոնց մասին արդեն նշեցի: Սպասել ուղղակի պետք չէ, քանի որ կոնֆլիկտն արդեն իսկ սառեցված չէ: Վերսկսման համար բավական է, որ Ադրբեջանի ղեկավարությունը կրկին հարձակվելու հրահանգ տա: Ցավոք սրտի, Ադրբեջանի հասարակությունում չկա այն հասկացությունը, որ այս կոնֆլիկտը շատ թանկ է արժենում Ադրբեջանի վրա: Հիմա Ադրբեջանի հասարակությունում շատ են տրամադրությունները, որ հարցը պետք է լուծվի ռազմական ճանապարհով: Այսինքն, հասարակությունը չի հասկանում կորուստների լրջությունը: Եվ այս ամենը, ինչպես նաև տնտեսական ճգնաժամը կստիպեն Ադրբեջանին կրկին գնալ լարվածության մեծացման: Ռազմական գործողությունները կարող են վերսկսվել ցանկացած պահի և ադրբեջանական կողմը դա կանի` փորձելով ուղղելով նախկին սխալները:  Ադրբեջանի հասարակությունը նույնիսկ չի էլ հասկանում, թե իրենց ինչ գնով տրվեց այս ավանտյուրան:

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս