Ջուսը չի շտապում օրինականացնել սիրելիի հետ հարաբերությունները և չի վախենում «չար աչքից» (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս երգչուհի Ջուսը ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց լուսանկարներ` մի տղամարդու հետ: Դրան հետեւեցին օգտատերերի մեկնաբանությունները, որոնցում վերջիններս երջանկություն էին մաղթում զույգին: Պարզվում է` Ջուսը նոր ընտրյալ ունի. նրա սիրելին փաստաբան, ըմբշամարտի 90-ականների չեմպիոն Վահագն Մանուկյանն է: Ու թեեւ երգչուհին հրաժարվել է լրատվամիջոցներին մանրամասներ հայտնել, նա «Ժողովուրդ» հետ, այնուամենայնիվ, անկեղծացավ եւ որոշ փակագծեր բացեց իրենց սիրավեպի մասին:

-Ջո՛ւս, որոշ կանայք անձնական կյանքում անհաջողություն ունենալուց հետո հիասթափվում են կամ վախենում են նոր հարաբերություններ սկսել (2014-ի ավարտին Ջուսի կյանքում բավական բարդ շրջան էր: Նա չեղյալ էր հայտարարել ֆրանսաբնակ փեսացուի հետ իր նշանադրությունը, ինչը բուռն քննարկումների առիթ էր տվել): Ձեր դեպքում, կարծես, իրավիճակը բոլորովին այլ է:

13101342_1111233838933515_1955818705_n

-Իհարկե, երբեք պետք չէ հուսահատվել. միշտ էլ կարող ես գտնել քո կեսին, պարզապես հարկավոր է սպասել: Իսկ ես համբերատար եմ: Երբ համացանցում հրապարակեցի իմ եւ Վահագնի լուսանկարները, ոմանք ինձ հաղորդագրություն գրեցին` հորդորելով հանրությունից գաղտնի պահել ընտրյալիս, քանի որ, նրանց խոսքով, «չար աչք» կարող է դիպչել: Ես այդ մարդկանց պատասխանեցի, որ ինչ լինելու է, այսպես թե այնպես կլինի: Համենայն դեպս, վստահ եմ, որ ամեն բան լավ կլինի: Երեւանը փոքր քաղաք է, բոլորն էլ կտեսնեն ինձ ընկերոջս հետ, եւ ես նախընտրեցի ինքս պատմել նրա մասին:

-Որքա՞ն ժամանակ է, ինչ շփվում եք Ձեր ընտրյալի հետ: Նրա բնավորության ո՞ր գծերն են գրավել Ձեզ:

-Տասը ամսվա նամակագրությունից հետո մենք արդեն վեց ամիս է, ինչ ընկերություն ենք անում: Ի սկզբանե Վահագնի հետ շատ ջերմ, մտերիմ հարաբերություններ ենք ունեցել: Երբ շփվեցինք, զգացինք, որ բավական նման ենք իրար: Օրինակ` ես կարող եմ սկսել նախադասությունը, ինքը ավարտի, կամ նույն վայրկյանին երկուսս էլ նույն միտքն արտաբերենք: Մենք միմյանց նման ենք նաեւ մեր խենթությամբ եւ միաժամանակ լրջությամբ: Բացի այդ` ինձ դուր է գալիս այն հանգամանքը, որ ընկերս իր մասնագիտության մեջ հաջողություններ ունի, պրոֆեսիոնալ է:

13140718_1111233835600182_479195437_n

-Հարաբերություններն օրինականացնելու մասին արդեն մտածո՞ւմ եք:

-Առաջիկա մի քանի ամսվա ընթացքում նման բան չի սպասվում, բայց երկուսս էլ շատ ենք ուզում դա: Երբ լինի, անմիջապես կտեղեկացնենք հանրությանը: Ամեն դեպքում, շտապել պետք չէ:

-Անձնական կյանքում ունեցած հաջողությունը պետք է որ արտացոլվի նաեւ գործնական կյանքի վրա: Ձեր սիրելին Ձեզ թեւեր տալի՞ս է ստեղծագործելու համար:

-Միանշանակ, այն էլ ինչպես: Ի դեպ, երկրպագուներիս տեղեկացնեմ, որ «No fashion» երգի հիման վրա ստեղծված տեսահոլովակս արդեն մոնտաժման փուլում է (ռեժիսոր` Տիգրան Արյան): Բավական խենթ կերպարում եմ հանդես եկել, բայց, քանի որ տեսահոլովակի բնույթը հումորային է, ղարբաղա-ադրբեջանական սահմանին լարված իրավիճակի պատճառով խուսափում եմ այս օրերին թողարկել այն: Մեկ այլ երգ էլ կա, որն արդեն ձայնագրել եմ: Վստահ եմ, որ այդ գործը կզարմացնի իմ հանդիսատեսին, քանի որ ոչ ոք ինձ նման իրավիճակում չի տեսել: Երգի հեղինակը Աղասի Գեւորգյանն է, գործիքավորումն արել է Գուժը: Այս տեսահոլովակը, հավանաբար, կթողարկեմ սեպտեմբերին: Իսկ ավելի վաղ էլ տեղեկացրել էի, որ մի նախագծի շրջանակում պետք է ռեփ կարդամ, այնպես որ, անսպասելի մոտեցումներով հանդերձ` չեմ դադարում ստեղծագործել:

-Իսկ, օրինակ, «Բնական Ջուս»-ի նման նախագծերով ինչո՞ւ այլեւս հանդես չեք գալիս:

-Նման նախագիծ իրականացնելու համար, հատկապես, եթե ուզում ես` այն հաջողություն ունենա, ֆինանսական մեծ ներդրումներ են անհրաժեշտ, իսկ վերջին շրջանում հովանավորներ գտնելը բավական բարդացել է: Այս պահին այդպիսի նախագիծ կյանքի կոչելը դեռեւս անհնար է: Համենայն դեպս, երկրպագուներս թող մշտապես սպասեն նորությունների, ես նրանց չեմ հիասթափեցնի:

Աննա Բաբաջանյան




Լրահոս