«ԵԹԵ ԱՍԵՄ` ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ, ԿԼԻՆԵՄ ՈՉ ԱԴԵԿՎԱՏ ՄԱՐԴ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անկեղծացավ՝ նշելով, որ հասարակությունն իրենցից ինչ-որ չափով հիասթափվել է: Սակայն վստահեցրեց, որ կոնկրետ քայլերի դեպքում հասարակությունը կրկին պայքարող ուժի կողքին է լինելու:
-Պարո՛ն Սաֆարյան, «Ժառանգություն»-ը որոշել է օգոստոսի 23-ին հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում: Ի՞նչ հարցեր կան օրակարգում:
-Քննարկվելու են երկրի համար կարեւոր հարցերը:
-Իսկ որոշվա՞ծ է, թե ովքեր են ներկա լինելու, ինչ-որ քաղաքական ուժի հրավիրե՞լ եք:
-Այսօր հենց այդ կազմակերպական հարցերն են քննարկվում: Մարդիկ, ովքեր ցանկություն կունենան, եւ քաղաքական ուժերը, որոնք կուզենան մասնակցել ու առկա խնդիրների վերաբերյալ իրենց լուծումներն առաջարկել, թող գան: Բազմիցս հայտարարվել է, որ ովքեր գտնում են` երկրին պետք է նոր օրակարգ, բնական է, որ կարող են մասնակցել: Որեւէ մասնավոր հրավեր չի ուղարկվել:
-Տեսակետ կա, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքն ուշացած է, քանի որ նա ժողովրդին թողեց փողոցում ու մեկնեց ԱՄՆ՝ դասախոսելու: Ի՞նչ եք կարծում, ժողովուրդը ցանկություն կունենա՞ կրկին լսել նրան:
-Իմ սուբյեկտիվ կարծիքը շատ քիչ նշանակություն ունի: Կարծում եմ՝ ամսի 23-ին դա կտեսնենք: Իմ անձնական շփումները հասարակության հետ ցույց են տվել, որ մարդիկ սպասում են հանրահավաքային գործունեության ու սպասում են, որ Ր. Հովհաննիսյանը նման քայլ կանի: Իսկ թե ովքեր կգան ու ովքեր չեն գա, դա ժամանակը ցույց կտա:
-Հասարակությունը հիասթափվեց այն բանից հետո, երբ Ր. Հովհաննիսյանը, «պատերազմի» դաշտում թողնելով ժողովրդին, նախընտրեց գնալ ու ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ աղոթել: Մտավախություն չունե՞ք, որ ժողովուրդն էլ Հովհաննիսյանին կարհամարհի ու հանրահավաքին չի մասնակցի:
-Եթե անգամ խոսենք ինչ-որ հիասթափություններից, ապա դա երազած արդյունքին  չհասնելու խնդիրն է, քան թե ուր գնաց Ր. Հովհաննիսյանը: Մարդիկ սպասում էին, որ իշխանությունը կփոխվի, որ այն կվերադարձվի ժողովրդին: Հիասթափությունը նման բնույթի է եւ կապված չէ աղոթել-չաղոթելու հետ: Եթե ես ասեմ, որ հասարակության մեջ չկա հիասթափություն, ապա ես կլինեմ ոչ ադեկվատ մարդ, բայց եթե հասարակությունը տեսնի, որ կա ինչ-որ ուժ, որը պայքարն առաջ է տանում, ապա վստահեցնում եմ, որ այդ կարճ հիասթափությունները տեղի են տալու: Դա անլուծելի խնդիր չէ: Շատ ավելի լուրջ խնդիր է կոնկրետ ծրագրեր, քայլեր պլանավորելն ու իրագործելը:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս