ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՐՑ ԼՈՒԾՈՂ ՉԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ակնհայտ փաստ է, որ ՀՀ իշխանությունները, 1998-99թթ. սկսած, ջանք ու եռանդ չեն խնայել փոշիացնելու եւ վարկաբեկելու համար քաղաքական դաշտը: «Ժողովուրդ»-ն առիթ ունեցել է անդրադառնալու այս թեմային` տեղեկացնելով, որ այդ նպատակի համար իշխանությունները գործի են դրել տարբեր մեխանիզմներ: Դրանցից մեկն էլ քաղաքացիական հասարակություն-քաղաքական կուսակցություններ հակամարտությունն է:
Ինչպես հայտնի է, այսպես կոչված «քաղաքացիական հասարակության» ներկայացուցիչներն ամեն կերպ մերժում են իրենց կազմակերպած բողոքի ակցիաներին քաղաքական միջամտության որեւէ փորձ: Ավելին, քաղաքացիական ակտիվիստների վարքագծից ու հարցազրույցներից էլ տպավորություն է ստեղծվում, թե իրենք իրականում պայքարում են՝ ցույց տալու, որ քաղաքական ուժերից ավելի ուժեղ են ու «մի քանի գլուխ բարձր»: Պատահական չէ, որ «Լրագրին» տված հարցազրույցում ակտիվիստներից Անի Կաղինյանը, օրինակ, հայտարարել է, թե քաղաքական դաշտը մահացած վիճակում է, եւ քաղաքացիական նախաձեռնություններն են ստանձնել այդ պարտականությունը: Ավելին, նա պնդել է, թե իբր այդ նախաձեռնություններն ավելի ուժեղ են ու կայուն: Ճիշտ է, օրինակ՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացման համար պայքարում, որտեղ քաղաքացիական ակտիվիստները բավական ակտիվ էին, որոշակի հաջողություն գրանցվեց: Սակայն խնդիրն այդքանով փակվեց ու դրանից կարճ ժամանակ անց աղմուկը մարեց: Այդ ակտիվիստների միայն մի խումբը շարունակեց իր պայքարը. նստացույց հայտարարեց քաղաքապետարանի մոտ` պահանջելով քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի հրաժարականը: Իսկ մյուսները, ըստ էության, «չքացել են»` ոմանք տարաձայնությունների պատճառով, ոմանք էլ, հավանաբար, իրենց գործն ավարտված համարելով:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում քաղաքական գործիչ Երջանիկ Աբգարյանը պնդեց որ, քաղաքացիական հասարակության անդամները կարողանում են հաջողություն գրանցել ոչ էական հարցերում. «Քաղաքացիականները բացարձակապես անպիտան են որեւէ երկրի կարեւորագույն հարցեր լուծելիս: Իհարկե, նրանց երբեմն-երբեմն հաջողվում է իշխանության բացթողումներից առանձին մանր հարցեր նույնիսկ լուծել: Բայց նրանք որոշողի կարգավիճակ երբեք չեն ունենա, որովհետեւ իրենք միշտ հանդես են գալու որպես այդ բացթողումների դեմ բողոքողներ եւ ոչ թե այլընտրանքային համակարգված նոր ուղու սկզբունքային առաջամարտիկներ ու հետեւորդներ»:
Ե. Աբգարյանը նաեւ նշեց, որ քաղաքացիական շարժումները կարող են վերածվել հեղափոխական շարժումների այն դեպքում, երբ «առաջին գիծ» են դուրս գալիս քաղաքական ուժերը: Նա այս առումով մեջբերեց նաեւ 2011թ. սկսված արաբական գարնան օրինակը: «Քաղաքացիական շարժումներն արաբական գարնան օրինակով կարող են անմիջապես վերածվել հեղափոխական պայքարի, որի մեջ քաղաքացիական խմբերն արդեն հայտնվում են դամ պահողի վիճակում, եւ որոշումները կայացնում են միանգամայն այլ ուժեր, որոնք ռազմաքաղաքական ռեսուրս ու կարգավիճակ ունեն: Արաբական գարնան հեղափոխությունների ամենաանհեթեթ առանձնահատկությունն այն էր, որ այդ հեղափոխության շահերը ներկայացնող լիազորված մարմին կամ անձ գոյություն չուներ, եւ պարտված իշխանությունները չգիտեին՝ ում հետ բանակցություններ վարել իշխանությունը հանձնելու վերաբերյալ: Դրա հետեւանքով Թունիսում, Լիբիայում ու Եմենում իրական իշխանությունը հայտնվեց հիմնականում նախորդ իշխանության քիչ թե շատ խարիզմատիկ գործիչների եւ մինչ այդ արտասահմանում ապրող որոշ հայտնի այլախոհների ձեռքում, բայց ոչ քաղաքացիական շարժման առանձին, երբեմն իրար հակադրվող խմբերի ներկայացուցիչների, որոնք այժմ արդեն ցրված եւ անգործունակ են: Եգիպտոսում դրությունն այլ էր: Այստեղ քաղաքացիական շարժման առաջին հաղթանակից՝ Մուբարաքի հրաժարականից հետո եգիպտական հայտնի ոչ մի կուսակցություն իր վրա չվերցրեց այդ շարժումն ուղղորդելու դերը, որի հետեւանքով առաջին պլան մղվեց 1954 թվականից արգելված եւ ընդհատակում գտնվող ծայրահեղական իսլամական կազմակերպությունը՝ «Մուսուլման եղբայրներ»-ը,-կարծիք հայտնեց պարոն Աբգարյանը եւ հավելեց,-«գերազնիվ» եւ «առաջադեմ» նպատակներ հետապնդող քաղաքացիականներն անընդունակ եղան դրա դեմն առնելուն, իսկ նրանց որոշ խմբերը դարձան «հավատավոր» մուսուլման եղբայրներ: Թե դա ինչի հանգեցրեց, արդեն հայտնի է բոլորին՝ արաբական այդ հզորագույն երկիրը հայտնվել է քաոսում, եւ երկրի ռազմաքաղաքական վերնախավը մեծ դժվարությամբ փորձում է կարգուկանոն հաստատել երկրում: Այս բոլորը ցույց է տալիս, որ քաղաքացիական ամեն կարգի շարժում ի վերջո կանգնում է քաղաքական հարցերի առջեւ, որոնց լուծումները վեր են այդ քաղաքացիական շարժումների կարողություններից»:

ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս